Յուրի Սաքունցը ատամներով քաշել է հրշեջ-փրկարարական երկու մեքենա՝ ընդհանուր 37,5 տոննա քաշով

13:27 • 16.06.22

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը հավակնում է Գինեսի նոր ռեկորդի։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը,Սաքունցը ատամներով քաշեց ընդհանուր 37.5 տոննա  քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

 «Գինեսի հանձնաժողովից ստացել էի թույլտվություն, որ այս ռեկորդը սահմանեի: Հիմա տեսանյութերը կուղարկենք Լոնդոն՝ Գինեսի ռեկորդի հանձնաժողով, որպեսզի հաստատվի նրանց կողմից, կուղարկենք նաև համաշխարհային ռեկորդների տարբեր ասոցիացիաներ: Նշեմ, որ արդեն Հայաստանում լույս է տեսել համաշխարհային ռեկորդների «Սաքունց» գիրքը, որտեղ գրանցված են աշխարհի տարբեր ռեկորդակիրներ»,- ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ մինչ այս՝ 3 տարի առաջ, ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա:

«Մեկ ամսից քաշելու եմ ուղղաթիռ՝ ճկույթով»,- հավելեց Սաքունցը: