Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ ոչ

14:22 • 17.06.22

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Առաջարկվել է նաև նման կարգավիճակ շնորհել Մոլդովային։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը։

Նշենք, որ ինչպես նախօրեին նշել էր Եվրահանձնաժողովի նախագահը, Եվրամիությունը «պատմական որոշման շեմին է»՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։ Աղբյուրը նկատում է, որ Եվրամիությունը պատմության մեջ առաջին անգամ եվրաինտեգրման հարցում «կանաչ լույս» է վառել մի երկրի համար, որտեղ պատերազմ է, և կան օկուպացված տարածքներ։

Բացի առաջարկություններից, Ուկրաինան այժմ կստանա պահանջներ, որոնք նա պետք է կատարի ապագայում։ Մասնավորապես, դրանք վերաբերում են օրենքի գերակայությանը, արդարադատության համակարգին և կոռուպցիայի դեմ պայքարին։ Այսպիսով, ԵՀ-ի այս առաջարկությունները կներկայացվեն ԵՄ առաջնորդներին՝ քաղաքական որոշման համար: Դրանք այժմ պետք է հաստատվեն ԵՄ առաջնորդների կողմից հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկիրը, ի տարբերություն Ուկրաինայի ու Մոլդովայի, կարող է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ միայն մի շարք պայմանների կատարման դեպքում, ասել է Եվրահանձնաժողովը, գրում է ekhokavkaza.com-ը։

«Մենք խորհուրդ ենք տալիս, որ Եվրոպայի խ որհուրդը Վրաստանին տրամադրի եվրոպական հեռանկար և հետագայում գնահատի երկրի կողմից մի շարք պայմանների կատարումը՝ նախքան նրան թեկնածուի կարգավիճակ տալը», - ասել է նա: