«Դիմադրության» շարժման անդամները ներկայացրին ոլորտային խնդիրները․ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին (տեսանյութ)
Այսօր, հունիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցավ «Դիմադրություն» շարժման համապետական բազմամարդ հանրահավաքը:
Ելույթներ ունեցան ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Թադևոս Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ելույթ ունեցողները իրենց խոսքում հիմնավորեցին այս իշխանությունների հրաժարականի հրամայականը, ներկայացրեցին նոր տիպի պետության կառուցման իրենց տեսլականը: Նրանք նշեցին այն առաջնահերթությունները և անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված իրավիճակից վիճակից դուրս գալու համար:
«ԶՈՒ բարեփոխումների հիմքում մարդն է՝ զինծառայողը, ով պետք է ստանա անհրաժեշտ մասնագիտություն, կրթություն, իսկ զուգահեռ ապահովված լինի սոցիալ-կենցաղային բոլոր հնարավորություններով: Մեր գերնպատակը պետք է լինի եղած սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավելագույն արդյունք ունենալը: Առանց այս իշխանության հեռացման որևէ ռեֆորմ չի լինելու»,- իր ելույթում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Թադեւոս Ավետիսյանը իր խոսքւմ վստահություն հայտնեց՝ Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։
«Պետության դերն ու մասնակցությունն այս հարցում պետք է դառնան առանցքային, գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու»,- ասաց նա:
«Հայասատանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին չորս տարիներին չի ունեցել»,- իր ելույթում հայտարարեց ՀՀԿ Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց, որ ճշգրիտ, հավասարակշռված, նպատակային արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության, հաստատուն խաղաղության, մեր կայունության, բարօրության, անկախության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի բոլոր իրավունքների իրացման գլխավոր երաշխավորն է։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման գլխավոր նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։
«Դրան հասնելու համար կա անհրաժեշտ պայման՝ հեռացնել Նիկոլին, քանի որ նրանով ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան հնարավոր չէ։ «Դիմադրություն» շարժման առաքելությունը Նիկոլին հեռացնելով չի ավարտվելու։ Նրան հեռացնելուց հետո շարժման գաղափարները և նպատակը պետք է դառնա պետության գործառույթը, այսինքն` հաջորդ իշխանությունը պետք է կարողանա դիմադրել և հաղթահարել այն բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որ ծառացել են մեր երկրի առջև։ Դրա համար պետք է կառուցել նոր որակի պետություն՝ արդյունավետ կառավարմամբ, ուժեղ տնտեսությամբ և հզոր բանակով։ Մենք դա կարող ենք և անելու ենք միասին»,-ասաց նա։










