Ընդդիմության երթը դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր, հունիսի 20-ին շտապ հավաք են իրականացրել Ֆրանսիայի հրապարակում, ապա երթով շարժվել դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության եւ ԱԱԾ շենքեր։
Հավաքի շարժառիթը՝ երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպն էր, որի հետևանքով 4 անձ է մահացել։
Երթի մասնակիցների ձեռքին կային «Նիկոլիզմի զոհ ենք բոլորս», «Նիկոլ= ՄԱՀ» եւ այլ գրություններով պաստառներ։
Դիմադրություն» շարժման երթը մոտեցավ ՔՊ գրասենյակին:
«Առանց ՔՊ Հայաստան», «Դավաճան հեռացի՛ր», «Նիկոլ մարդասպան»՝ վանկարկեցին երթի մասնակիցները։
«Այսօր եկել ենք ՀՀ-ն օկուպացված ահաբեկչական հանցախմբի որջի դիմաց, որպեսզի ևս մեկ անգամ փաստերնք, որ տևական ժամանակ հայ ժողովրդին տեղեկատվական ահաբեկչության ենթարկածները երեկ սրտի և հոգու փառավորմամբ մեկնարկեցին, կամ ավելի ճիշտ հերթական արձանագրումն արեցին, որ իրենց համար հայ մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Իրենք ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ, ով դեմ է Հայաստանի թրքացմանը, ով դեմ է թուրք-ադրբեջանական օրակարգի Հայաստանում արմատավորմանը, ով առհասարակ դեմ է, որ Հայաստանը կառավարվի ոչ ազգայի ուժերի կողմից»,-հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Շարժման մասնակիցները կարմիր ներկ լցրեցին շենքի մոտ եւ երթով շարժվեցին դեպի Ոստիկանություն:
«Այն ինչ եղավ Ապարանում, հնարավոր էր արդյո՞ք կանխել։ Այո՛, վստահաբար հնարավոր էր։ Հնարավոր էր այդ դժբախտ դեպքը տեղի չունենար։ Բայց այն պայմաններում, երբ սեփական իշխանությունը պահելու համար ՀՀ տարբեր մարզերից հազարավոր ոստիկաններ չբերվեին Երևան և նրանք ստիպված չլինեին այստեղ օրերով, չոր պայոկի հույսին մնան, այլ կատարեին իրենց պարտականությունը՝ պաշտպանելով հասարակական կարգը: Ապարանի դեպքը հնարավոր էր կանխել, եթե Հայաստանում ոստիկանը վստահ լինի, որ ինքը օրենք է պաշտպանում, այլ ոչ թե Նիկոլին ու Նիկոլի ՔՊ-ական խունտան, երբ վստահ լինի, որ օրենքով է գործով, այլ ոչ թե Նիկոլի կամպով»,- Ոստիկանության շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ոստիկանության մոտ քաղաքացիները մոմավառություն կատարեցին ՝ Ապարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի հիշատակին:
«Դիմադրություն» շարժման հաջորդ կանգառը ԱԱԾ-ն էր:
«Մենք հիմա գտնվում ենք մի շենքի դիմաց, որի ներսում տիրապետում են Հայաստանում առկա ամենաճշգրիտ տեղեկատվությանը։ Նրանք հստակ տիրապետում են բոլոր այն տեղեկատվություններին, որոնք վերաբերվում են թե սահմանին, թե երկրի ներսում տեղի ունեցողին»,- ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը
«Այս կառույցը իրականում կրկնակի պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար։ Այստեղ ցանկացած ծառայողը ամեն անգամ պիտի հիշի, որ ինքը առաջնահերթ ծառայում է ՀՀ-ին, Արցախին։ Դուք համազգեստ կրող մարդիկ եք, դուք պարտավոր եք հավատարիմ լինել դրան, ՀՀ-ին ու Արցախին։ Մեզ տանում են դեպի անդունդը, դուք հետո ախր չեք ներելու ինքներդ ձեզ, որովհետև շատ լավ տիրապետելով ամեն ինչին դեռ շարունակում ենք ծառայություններ մատուցել այս իշխանություններին»,- ասաց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց. «Այստեղ ծառայում են բավականին մեծ թվով արժանապատիվ սպաներ, ես համոզված եմ և համոզված եմ, որ այդ ծառայողները գալու են այն եզրահանգման՝ այդ թվում տեսնելով ժողովրդի ցասումը, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք ազգային անվատնգությանը, իսկ սպառնալիքները չպետք է մնան իշխանության, պետք է հեռացվեն»:










