ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Լավրովի մասնակցության մերժումը Լեհաստանի կողմից սադրանք է. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի որոշումը՝ մերժելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, աննախադեպ է և սադրիչ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հայտնել են, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ռուսական պատվիրակությունը կգլխավորի կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«ԵԱՀԿ-ն ամրապնդելու փոխարեն՝ Վարշավան ամբողջ տարվա ընթացքում համառորեն քանդում է նրա հիմքերը, անում հնարավորը՝ հիմնարար կոնսենսուսի մշակույթի վերացման համար, խթանում կենտրոնախույս վտանգավոր միտումները: Հիմնական միջոցառումների մեծ մասը չեղարկվել կամ անցկացվել է այլ ձևաչափերով, ընդ որում՝ ոչ կոնսենսուսային»,- ասված է հայտարարության մեջ:










