Սոչիում մեկնարկել է «ԱտոմԷքսպո-2022» 12-րդ միջազգային համաժողովը
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է «ԱտոմԷքսպո-2022» 12-րդ միջազգային համաժողովը։ Բացման հանդիսավոր արարողությանը ելույթով հանդես եկավ Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«3.5 տարի է մեզ բաժանում նախորդ՝ 11-րդ ֆորումից, և դրանք ոչ սովորական տարիներ էին՝ համաճարակ, դժվարություններ, բայց կան նաև լավ լուրեր․ ընդլայնվել է ատոմային ընտանիքը, ընդլայնվել է ատոմային ենթակառուցվածքների որակը մեր մոլորակում։ Շնորհակալ եմ, որ մենք միասին անցանք այդ դժվարությունները և շնորհակալություն, որ միասին ենք գնում դեպի նոր հաղթանակներ։ Ես վստահ եմ, որ այս համաժողովը, մեր այսօրվա քննարկումները կդառնան կարևոր քայլեր ատոմային էներգիայի զարգացման համար։ Ուզում եմ բոլորիդ նոր հաջողություններ մաղթել, նոր հաղթանակներ և իհարկե՝ առողջություն։ Հաջողություն մեր համաժողովին ու յուրաքանչյուրիդ այստեղ՝ Ռուսաստանի օլիմպիական մայրաքաղաքում », -եզրափակեց խոսքը Ալեքսեյ Լիխաչովը:
«ԱտոմԷքսպո» միջազգային ֆորումը միջուկային արդյունաբերության մեջ կարևոր իրադարձությունն է: Սա է ամենամեծ ցուցահանդեսն ու բիզնես հարթակը, որտեղ քննարկվում է միջուկային արդյունաբերության ներկա վիճակը և ձևավորվում են դրա հետագա զարգացման միտումները։ Այն անցկացվում յուրաքանչյուր տարի՝ սկսած 2009 թվականից:
Ֆորումին մասնակցում են գլոբալ միջուկային արդյունաբերության առանցքային ընկերությունների ղեկավարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական կազմակերպություններ և առաջատար փորձագետներ:
Հայաստանից համաժողովին մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Համաժողովի քննարկումներին կմասնակցի 211 խոսնակ, 291 ԶԼՄ ներկայացուցիչ, համաժողովին մասնակցում է 74 երկրի ներկայացուցիչ, ամբողջ միջոցառմանը կմասնացի ավելի քան 4100 մարդ։
Ֆորումի հարթակներում անցկացվում են բազմաթիվ հանդիպումներ, ինչն ընկերություններին աշխատանքային կապեր հաստատելու, համագործակցության պայմանագրեր ստորագրելու հնարավորություն է տալիս։
Ֆորումի ձևաչափը ներառում է ցուցահանդես և քննարկում՝ ընդարձակ բիզնես ծրագրով, որը ֆորումի գլխավոր իրադարձությունն է։
Կլոր սեղան քննարկումներին բարձրացվում են միջուկային արդյունաբերության զարգացմանն առնչվող արդիական հարցեր։














