Մեր դիրքերի ուղղությամբ չեն կրակում, թշնամին օդ է կրակում․ վիճակը լարված չէ․ Վայոց Ձորի մարզպետ

14:23 • 01.12.22

Ջերմուկի սահմանային հատվածներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ադրբեջանցիները դեռ այնտեղ են գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Անդրադառնալով մարզից տեղահանված բնակիչներին` Արարատ Գրիգորյանն ասաց․ «Դժվար է ասել, թե բոլոր ջերմուկցիներն են վերադարձել, բայց մեծ մասը արդեն Ջերմուկում են, ինչ վերաբերում է ապաստարաններին, ապա բաց տեղեկատվություն այդ մասով չեմ հրապարակում, եթե կուղարկեք փակ գրություններ, սիրով կպատասխանեմ։ Պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն րոպե կարա լինի»։

Մարզպետը նշեց, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում մարզում դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդների հետ։

«Ադրբեջանցիները իրենց զբաղեցրած դիրքերում շարունակում են ամրաշինական աշխատանքներ կատարել, բայց նոր ճանապարհների կամ թունելների կառուցման հետ կապված տեղեկություն չունեմ։ Դիրքերի ուղղությամբ կրակոցներ այս պահին չեն լինում, լինում է, որ օդ են կրակում, այս պահին լարվածություն չկա»,- ասաց մարզպետը։