Սաակաշվիլին, ի նշան բողոքի, նորից հացադուլ է հայտարարել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նրան տեսակապով դատական նիստին մասնակցելու հնարավորություն չի տվել։ Այս մասին չորեքշաբթի ասել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ինձ զրկեցին սեփական դատավարությանը ներկա գտնվելու ամենատարրական իրավունքից։ Սա վրացական և միջազգային բոլոր իրավունքների խախտում է։ Ուստի ես ստիպված եմ դիմել բողոքի ծայրահեղ ձևի՝ հացադուլի։ Իհարկե, ես տեղյակ եմ բոլոր ռիսկերին՝ հաշվի առնելով իմ ներկայիս առողջական վիճակը, բայց ես հացադուլի մեջ կմնամ այնքան ժամանակ, մինչև չստանամ դատավարությանը միացված լինելու հաստատուն երաշխիքներ, թեկուզ տեսակապով։ Ծաղրին ու նվաստացմանը չափ ու սահման կա»,- գրել է Սաակաշվիլին նամակում, որը կարդացել է իր փաստաբանը, որն այցելել է նախկին նախագահին Vivamed կլինիկայում:










