Զախարովան ասել է, որ Վատիկանը ներողություն է խնդրել չեչենների ու բուրյաթների մասին Հռոմի պապի խոսքերի համար
Վատիկանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել չեչենների և բուրյաթների վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղմկահարույց հայտարարության համար, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ միջադեպը հարթվել է, և Ռուսաստանը Սուրբ Աթոռի հետ կառուցողական փոխգործակցության հույս ունի։
«Ռուսաստանի Դաշնությունը Վատիկանից ներողություն է ստացել չեչենների և բուրյաթների դեմ պոնտիֆիկոսի հայտարարությունների համար»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել էր, որ Ուկրաինայում պատերազմում ամենամեծ դաժանությունը տեսնում է այն մարդկանց մեջ, որոնք, ըստ նրա, հավատարիմ չեն ռուսական ավանդույթներին։ Որպես օրինակ՝ պոնտիֆիկոսը նշել էր այնպիսի ազգություններ, ինչպիսիք են չեչեններն ու բուրյաթները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմի պապի խոսքերն անվանել էր «ոչ քրիստոնեական»։ Նա նշել էր, որ նման հայտարարությունները չեն բարձրացնում Վատիկանի հեղինակությունը, ինչպես նաև չեն նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։










