Միջազգային իրավունքը այլևս չի գործում, Լաչինի միջանցքի խնդրի լուծման իրավական հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ է․ Վարդան Այվազյան (տեսանյութ)
Ցավոք ունենք մի իրավիճակ, երբ Լաչինի միջանցքի խնդիրը արդեն դուրս է մեր ներպետական օրենսդրության ոլորտից, և դա առավելապես վերաբերում է միջազգային իրավունքի ոլորտին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Այվազյանը։
«Աշխարհում ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ սկսած Խորհրդային Միության փլուզման տարիներից, միջազգային իրավունքը չի գործում, գոյություն չունի։ Ինչ վերաբերում է միջազգային կառուցակարգերին, ապա ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչը արդեն դիմել է՝ միջանկյալ միջոց կիրառելու հետ կապված։ Փաստացի տեղի են ունենում գործողություններ, որոնք միտված են հայ տեսակի ոչնչացմանը, տեղի է ունենում ցեղասպանության ակտ, իսկ միջազգային հանրության և այլ պետությունների արձագանքը ընդամենը անատամ քննադատությունների մակարդակով է, ինչը որևէ կերպ չի կարող նպաստել խնդրի լուծմանը»,- ասաց Այվազյանը։
Իրավագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում խնդրի ռեալ լուծումը կլիներ Լաչինի միջանցքը փակողների նկատմամբ Արցախի կամ ՀՀ իշխանոթյունների կողմից հարկադրանքի կիրառումը։
«Երբ նրանց բերեին և մեր բանտերում փակեին, այդ ժամանակ գուցե ադրբեջանական իշխանությունը մի փոքր սթափվեր։ Թեև մյուս կողմից էլ չենք կարող հստակ գնահատել, թե ինչպիսին կլիներ դրա հետևանքը։ Բոլոր դեպքերում խնդրի լուծման իրավական հիմքը գտնվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահոման պատասխանատուն համարվում են ռուս խաղաղապահները, բայց այս դեպքում էլ տեսնում ենք ռուսական կողմի չեզոք մոտեցումները, ինչը գուցե պայմանավորված է ռուս-ուկրիանական պատերազմի պայմաններում երկրորդ ճակատ չբացելու զգուշությամբ։ Ամենագործուն կառուցակարգը կարող է լինել Ռուսաստանի կողմից դիվանագիտական գործիքակազմի կիրառումը, ես հավատացած եմ դիվանագիտական միջոցների հնարավոր արդյունքին և կարծում եմ՝ այդ կերպ խնդիրը մոտ ժամանակներում լուծում կստանա»,- նշեց իրավագետը։
Անդրադառնալով խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու քննարկումներին և դրա արդունավետությանը, Այվազյանը նշեց․
«Միջազգային մանդատի բացակայությանն հասկացություն գոյություն չունի, որովհետև միջազգային իրավունքը վաղուց վերածվել է երկկողմ կամ եռակողմ կոնվենցիոնալ պայմանագային իրավունքի։ Մեր պարագայում ռուս խաղաղապահները ունեն երեք երկրների ղեկավարների ստորագրությունը և դա արդեն իսկ լեգիտիմ մանդատ է, որպեսզի նրանք իրականացնեն իրենց առաքելությունը։ Այնպես որ այստեղ միջազգային մանդատի խնդիր չի կարող լինել»։










