Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն

13:32 • 23.02.23

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանի երեկվա վճռին, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

«Արդարադատության միջազգային դատարանի վճիռը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հակասում է միջազգային իրավունքին և անհապաղ պետք է դադարեցվի: Պետքարտուղարությունն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի  վճռին, թույլ տա մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժը դեպի Արցախ ու Արցախից դուրս», - գրել է է քաղաքական գործիչը թվիթերյան միկրոբլոգում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դատարանի վճռում ասվում է.«Դեկտեմբերի 12֊ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը, ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

Դատարանը համարում է, որ սննդամթերքի, դեղորայքի պակասն աննուղղելի հետևանք կարող է առաջացնել մարդկանց կյանքի համար։

Ինչ վերաբերում է գազամատակարարման դադարեցումներին, ապա Հայաստանը գազամատակարարման խնդրի հետ կապված բավարար ապացույց չի ներկայացրել առ այն, որ խոչընդոտ ստեղծում է Ադրբեջանը»։

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Դատարանը  եզրակացրել է, որ Կանոնադրության 41-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։