Նոր բախումներ Կոսովոյում․ ՆԱՏՕ-ի զորքերը մտել են հյուսիսային քաղաքներ. BBC

23:31 • 29.05.23

Հյուսիսային Կոսովոյում ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերը բախվել են սերբ ցուցարարների հետ, քանի որ շարունակվում են անկարգությունները՝ կապված էթնիկ ալբանացի քաղաքապետերի նշանակման հետ: Այս մասին գրել է BBC-ն։

Արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել Զվեչան քաղաքում ցուցարարներին զսպելու համար, երբ նրանք փորձել են ներխուժել տեղական ինքնակառավարման շենք:

ՆԱՏՕ-ի զինվորները նաև անվտանգության շղթա են կազմել երկու այլ քաղաքապետարանների շուրջ:

Մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն կան վիրավորներ։

Ճգնաժամը սկսվել է ապրիլից, երբ Կոսովոյի սերբերը բոյկոտեցին տեղական ընտրությունները, ինչը թույլ տվեց էթնիկ ալբանացիներին վերահսկել տեղական խորհուրդները, չնայած մասնակցությունը 4 տոկոսից պակաս է:

Երկուշաբթի օրը տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ վիրավորների թվում են եղել Իտալիայից ժամանած ՆԱՏՕ-ի 11 զինվորներ, որոնցից 3-ը դեռ ծանր վիճակում են:

Վերջին անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Կոսովոյի սերբերը, որոնք կազմում են երկրի ընդհանուր 1,8 միլիոն բնակչության մոտ 5%-ը, բոյկոտեցին ապրիլի տեղական ընտրությունները հյուսիսային չորս մունիցիպալիտետներում, որոնցում մեծամասնություն են սերբերը: Սա թույլ տվեց էթնիկ ալբանացիներին իրենց հսկողության տակ վերցնել խորհուրդները:

Բելգրադը աջակցեց բոյկոտին, որի արդյունքում ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 3,47%։ Բոյկոտն առաջացավ այն բանից հետո, երբ սերբական համայնքը պահանջեց ստեղծել սերբական քաղաքապետարանների խոստացված միավորում: