Եթե իսրայելական դիվերսիայի վարկածն իրականություն լիներ, իրանական կողմն արդեն որոշակի հայտարարություն այդ մասին արած կլիներ․ իրանագետ
Եթե իսրայելական դիվերսիայի վարկածը իրականություն լիներ, իրանական կողմն արդեն որոշակի հայտարարություն այդ մասին արած կլիներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարին, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռի ամբողջ անձնակազմն ու բոլոր ուղևորները՝ այդ թվում Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը։
«Այս պահին վերջնական ինֆորմացիա չկա, թե որն է եղել վթարի պատճառը, բայց նախապես հրապարակված վարկածն այն է եղել, որ վթարը անաբարենպաստ եղանակային պայմանների պատճառով է տեղի ունեցել։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքին հետևելիս իսկապես ակնհայտ էր, որ այդ տարածքը մառախլապատ էր, անբարենպաստ եղանակային պայմաններ էին և հավանական էր վարկածը, որ վթարը կարող էր դրա հետևանքը լինել։ Կարող էր նաև ուղղաթիռում որևէ անսարքության հետևանք լինել, քանի որ պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարողանում ձեռք բերել ավիացիոն հիմնական մասեր։
Իհարկե, նաև շրջանառվում է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված լինելու վարկածը, բայց ամեն դեպքում առկա տեղեկատվությունը դեռ նման պնդումներ անելու հնարավորություն չի տալիս։ Ինձ համար տրամաբանական է եղանակային պայմաների հետևանքով առաջացած վթարը, եթե իսրայելական դիվերսիայի վարկածը իրականություն լիներ, իրանական կողմը, կարծում եմ, արդեն որոշակի հայտարարություն այդ մասին արած կլիներ»,- ասաց նա։
Հարցին՝ տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահը, նա պատասխանեց․ «Իրականում մենք պետք է ֆիքսենք, որ Իրանում ամենակարևոր դեմքը և առաջնային ֆիգուրը հոգևոր առաջնորդն է։ Այս առումով Իրանում ցանկացած քաղաքականություն՝ լինի ներքին, թե արտաքին, որոշվում է ամենաբարձր հոգևոր առաջնորդի մակարդակով, հաստատվում է այդ մակարդակով։ Բացի այդ գոյություն ունեն բավականին շատ ինստիտուտներ, որոնք զբաղված են պետական քաղաքականության մշակմամբ և դրանք առաջ տանելով։ Հետևաբար, Ռաիսիի մահը չի կարող խոչընդոտել այդ քաղաքականությունն առաջ տանելուն։ Այսինքն, նախագահն ավելի շատ կատարող է, քան առանձին քաղաքականության մշակող։ Եթե հիմա Իրանում ունենանք նոր նախագահ, նոր ԱԳ նախարար դա չի նշանակում, թե Իրանում լինելու են քաղաքական կուրսի կտրուկ փոփոխություններ»։
Իսկ հարցին էլ՝ եթե հետևենք Իսրայելի ու ԱՄՆ-ի վարքագծին, ի՞նչ հետևություններ կարելի է անել, նա պատասխանեց, որ չի կարծում, թե Միացյալ Նահանգները շահագրգռված կլինի նման վթարի կազմակերպմամբ կամ իրավիճակի սրմամբ, որովհետև վերջին շրջանում հենց ԱՄՆ-ն էր Իսրայելին կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները, Իսրայելը, որպես Իրանի հակառակորդ, կարող էր շահագրգռված լինել, բայց արդյո՞ք ունեն մասնակցություն, թե ոչ՝ դա պաշտոնապես կհայտարարվի։
Ինչ վերաբերում է նրան, որ դեպքը տեղի է ունեցել Իրանի նախագահի՝ Ադրբեջանից վերադառնալիս, դա որևէ ազդեցություն կթողնի՞ այդ երկրի հեղինակության վրա, նա ասաց, որ եթե պարզվի ահաբեկչություն է, ապա՝ այո։










