Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

08:45 • 22.05.24

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,

Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:

Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Մինասյանը ՔՊ-ի աջակցությամբ Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2022 թվականի հունվարի 9-ին։

Ըստ պայմանավորվածության՝ 2,5 տարի համայնքը պետք է ղեկավարեր Դավիթ Մինասյանը, ինչից հետո ևս 2,5 տարի՝ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սա նշանակում է, որ Մինասյանի պաշտոնավարման ավարտին մնում էր 2 ամիս։