Պատրաստ ենք ցանկացած զարգացման, այդ թվում՝ Իսրայելի ցամաքային ներխուժմանը. «Հեզբոլլահ»-ի փոխղեկավար

15:21 • 30.09.24

Պայքարը շարունակվում է, և բոլոր տարբերակները մնում են սեղանին. այս մասին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը: Սա «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից հետո շարժման պաշտոնյայի կողմից առաջին հայտարարությունն է: Այս մասին գրում է Times of Israel-ը:

««Հեզբոլլահ»-ը պատրաստ է ցանկացած իրադարձությունների, այդ թվում՝ Իսրայելի ցամաքային ներխուժմանը (Լիբանան-Խմբ.)։ Հակառակորդը չի կարողացել վնաս հասցնել մեր ռազմական հնարավորություններին, և, ինչպես տեսնում են բոլորը, մեր հրթիռակոծությունները չեն դադարել։ Մենք կփոխարինենք Հասան Նասրալլահին, երբ հարմար պահը լինի», - ասել է Քասեմը:

Նա հավելել է, որ թեև պատերազմը կարող է երկար տևել, սակայն «Հեզբոլլահ»-ը վստահ է, որ Իսրայելը չի հասնի իր նպատակներին:

«Մենք պատրաստ ենք, եթե իսրայելցիները որոշեն ցամաքային  ներխուժում անել, դիմադրության ուժերը պատրաստ են ցամաքային բախման: Չնայած «Հեզբոլլահ»-ի հրամանատարների կորուստներին, ամբողջ Լիբանանում խաղաղ բնակչության դեմ հարձակումներին և մեծ զոհողություններին, մենք չենք նահանջի մեր դիրքերից: Մենք կշարունակենք աջակցել Գազային և պաշտպանել Լիբանանը», - ընդգծել է Քասեմը:

Նա հավելել է, որ շարժումը հնարավորինս շուտ կընտրի նոր գլխավոր քարտուղար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հրամանատարի և յուրաքանչյուր պաշտոնյայի համար կան փոխարինողներ։

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները: Նա նախազգուշացրել է, որ Իսրայելի բանակը կարող է տարածաշրջանում հարվածել իրեն անհրաժեշտ ցանկացած վայրի: 

Ելույթ ունենալով Երուսաղեմից՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլահի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ այն է՝ երկրի հյուսիսային հատվածի բնակիչներին, որոնք տեղահանվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ակտիվ հրթիռակոծության հետևանքով, թույլ տալ ապահով վերադառնալ տուն:

«Նասրալլահը հերթական ահաբեկիչը չէր. Նա հենց ահաբեկիչ էր: Նասրալլահի վերացումն էական պայման էր մեև առջև դրված նպատակներին հասնելու համար՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրանք, ովքեր հարվածում են մեզ, պետք է իմանան՝ մենք կհարվածենք նրանց: Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»,- ասել է Նեթանյահուն։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3,500 ռազմամթերք են նետել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա: