Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին

09:19 • 17.10.24

Իսրայելական բանակը հարձակվել է սիրիական Լաթաքիա քաղաքի ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։

«Լաթաքիայի մուտքի մոտ իսրայելական ագրեսիան հանգեցրել է հրդեհների, որոնք մարում են հրշեջ բրիգադները»,- հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Մի շարք հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Ալ Հադաթ»-ը, պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը հասցվել է զինամթերքի պահեստներին, ինչից էլ առաջացել է հրդեհը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 8-ին ավիահարված էին հասցրել Դամասկոսի կենտրոնական շրջանում գտնվող բազմահարկ շենքին։

Հոկտեմբերի սկզբին տեղեկություն էր հայտնվել առ այն, որ հրեական պետությունը կարող է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում։