Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

18:36 • 23.10.24

Անկարայում՝ թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: 

Նախնական տվյալներով՝ կատարվածն ահաբեկչություն է, որի շրջանակներում արդեն կան ձերբակալվածներ:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հաստատելով տեղեկությունը։ 

«Հարձակման արդյունքում, ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։

Զոհերի ու տուժածների թվի մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Tusaş-ն աշխարհի 100 լավագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններից մեկն է, որը զբաղվում է անօդաչու սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և տիեզերական արդյունաբերության օբյեկտների մշակմամբ։

Կատարվածին անդրադարձել են նաև ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները:

Պուտին-Էրդողան հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահը ցավակցել է թուրք գործընկերոջն, ինչին ի պատասխան Էրդողանը նախ շնորհակալություն է հայտնել, ապա ավելացրել՝ 4 զոհ, 13 վիրավոր կա: