Եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, մեր պատասխանը կործանարար կլինի. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, Թեհրանի պատասխանը կործանարար կլինի: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:
«Մեզ չեն անհանգստացնում միջուկային օբյեկտների վրա սիոնիստների հարձակումները, քանի որ մեր պաշտպանությունն ի վիճակի է կասեցնել ցանկացած թշնամական թիրախ», - ասել է նա:
Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը «Հացերիմ» ավիաբազայում օդաչուների և մյուս զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ «այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել»:
«Բոլոր նրանք, ովքեր մեկ տարի առաջ երազում էին մեզ հաղթելու և մեզ վրա հարձակվելու համար, թանկ գին վճարեցին և այլևս այդ երազի մեջ չեն», - հավելել էր նա:
Իսրայելն ամենաբարձր մակարդակով խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանի՝ հոկտեմբերի 1-ին իրականացրած զանգվածային հրթիռակոծմանը: Այն ժամանակ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր ավելի քան 180 բալիստիկ հրթիռ:










