Հուսով եմ՝ սա վերջն է. Բայդենը մեկնաբանել է Իսրայելի հարվшծն Իրանին

14:13 • 27.10.24

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Իսրայելի կողմից Իրանին հասցված վերջին  հարվածներով ամիսներ տևած Իսրայել-Իրան էսկալացիան կավարտվի:

«Հուսով եմ՝ սա վերջն է», - լրագրողներին ասել է Բայդենը՝ մեկնաբանելով շաբաթ գիշերն իսրայելական անօդաչուների և կործանիչների հարվածներն Իրանի տարածքում ռազմական օբյեկտներին: 

Հարձակման թիրախում եղել են Իրանի հակաօդային պաշտպանության, ռադիոտեղորոշիչների և հեռահար հրթիռների արտադրության օբյեկտները: Իրանիցի չորս զինվոր է զոհվել, հայտնում է The Guardian-ը։ 

«Իսրայելը ռազմական թիրախներից բացի այլ բան չի խոցել», - հավելել է Բայդենը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի:

Հավելենք, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ  Իրանի պատասխան հարվածն Իսրայելին սխալ կլինի: Օսթինն իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ զրույցում հույս էր հայտնել, որ Իրանը զերծ կմնա իսրայելական հարվածներին պատասխանելուց, քանի որ դա Թեհրանի կողմից «սխալ» կլինի:

Բացի այդ, Օսթինն ընդգծել է, որ Իսրայելի վերջին հարձակումը պետք է նշանավորի երկու երկրների միջև փոխադարձ հարվածների ավարտը։

Նախօրեին Իրանը հայտարարել էր, որ համարժեք պատասխան կտա հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի կողմից իր տարածքին հասցված հարվածներին: Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը: