Սպանություն՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է

19:41 • 15.11.24

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանություն վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է տեղի ունեցել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և քրեական ու համայնքային ոստիկանների  գործողությունների արդյունքում կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։

Նա նախկինում  դանակահարության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ դատարանի կողմից կայացվել է որոշում հարկադիր բուժման համար, և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանն է, ով ժամանակին քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։