Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է
Բրազիլիայի առաջին տիկին Ռոզանժելա դա Սիլվան հրապարակավ հայհոյել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին: G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»: Այս մասին գրում է G1 պորտալը:
Միլիարդատերն առաջին տիկնոջ ասածին հակիրճ պատասխան է տվել X-ում.«Նրանք կպարտվեն հաջորդ ընտրություններում»։
Ամերիկացի գործարարի և Բրազիլիայի իշխանությունների միջև լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվել է բավարարել Բրազիլիայի Գերագույն դատարանի պահանջն ու արգելափակել պահպանողական քաղաքական գործիչների հաշիվները: Մասկը բրազիլացի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսին մեղադրել է «համացանցում պահպանողական ձայները լռեցնելու համար»։ Դե Մորաեսն ասել է, որ ինքը «մաքրում» է համացանցը և հեռացնում ապատեղեկատվությունը։
Օգոստոսին Մասկը փակել է X-ի սոցցանցի բրազիլական գրասենյակը։ Դրանից հետո բրազիլական իշխանությունները դադարեցրել են սոցցանցի աշխատանքը երկրում և տուգանքներ սահմանել դրանից VPN-ի միջոցով օգտվելու համար:










