Ուկրաինան առաջին անգամ ՌԴ տարածքին հարվածել է ATACMS բալիստիկ հրթիռներով. РБК Украина

14:09 • 19.11.24

Ուկրաինայի պաշտպանության ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։ Թիրախը հաջողությամբ խոցվել է. այս մասին գրում է РБК Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իրազեկ աղբյուրին։

Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է ՌԴ Բրյանսկի մարզի Կարաչև քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտին։

«Իսկապես, ATACMS-ն առաջին անգամ կիրառվել է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Հարվածը հասցվել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին, այն հաջողությամբ խոցվել է»,- նշել է աղբյուրը։

Նոյեմբերի 19-ի գիշերը այնտեղ հարձակման է ենթարկվել ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռահրետանային վարչության 67-րդ զինանոցը։ Սոցցանցերում հայտնվել են հզոր հրդեհների տեսանյութեր։

Նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել: