Սանիտարահիգիենիկ պայմաններ չկան, պատշգամբների 80 տոկոսը քանդված է, քաղաքապետարանից ասում են՝ ինքներդ նորոգեք. Արմավիրի հանրակացարանի բնակիչները բողոքում են

13:46 • 22.11.24

Արմավիր քաղաքի հանրակացարանի բնակիչները բողոքում են վատ պայմաններից: Նրանք նշում են, որ քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում հանրակացարանը վերանորոգելու և նվազագույն պայմաններ ապահովելու համար:

Tert.am-ի հետ զրույցում հանրակացարանի բնակիչ Սերգեյ Աբրահամյանը ներկայացրեց ընդհանուր իրավիճակը: 

«Հանրակացարանի շենքը մասամբ սեփականաշնորհված է, մասամբ՝ ոչ:  Պատշգամբների 70-80 տոկոսը քանդված է, ոչ մի սանիտարահիգիենիկ պայմաններ չկան, հոսանքի լարերի վիճակը շատ վատ է, գազ չեն թույլատրում քաշենք: Շենքում հիմնականում խոցելի խմբեր են՝ նպաստառուներ, բազմաբավակ ընտանիքներ, որևէ արտոնությունից չենք օգտվում, տասնյակ տարիներ այստեղ ապրելու պայմաններ չեն եղել»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ են պատասխանում քաղաքապետարանից, բնակիչը ասաց.

«Տարիներով մեզնից գույքահարկ չեն վերցրել, ասում են՝ դուք ձեր միջոցներով պետք է սարքեք, քանի որ ձեզնից գույքահարկ չենք վերցնում: Այսինքն չեն վերցնում, որ բյուջեից գումար չհատկացնեն, չվերանորոգեն:

Հարցրել եմ, որ օրենքով է դա, ասել են մեզ հետ օրենքո՞վ ես խոսում: Սովորաբար համայնքի գոյացած բյուջեին պետք է տրամադրեն խոցելի խմբերին, ինչը չի արվում»: