Երևան քաղաքի հետ կապված ցանկացած խնդիր իմ ուշադրության կենտրոնում է, եղել է և կա. Աշոտ Սարգսյան
ԿԸՀ-ն Երևանի ավագանու անդամի մանդատ է տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Սարգսյանին:
Tert.am-ի հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ վերցնելու է մանդատը:
«Իրականում ես երկար տարիներ զբաղվել եմ հենց նույն՝ քաղաքային հարցերով: Չորս տարի արդեն եղել եմ ավագանու անդամ: Այս մեկ տարում էլ, որպես քաղաքապետարանի աշխատակից, նույն գործառույթը կարելի է ասել իրականացրել եմ»,- ասաց նա:
Նա նշեց, որ հիմա էլ որպես ավագանու անդամ կշարունակի գործունեությունը՝ հանուն երևանցիների ու Երևանի: «Երևան քաղաքի հետ կապված ցանկացած խնդիր իմ ուշադրության կենտրոնում է, եղել է և կա: Երևանն ինքն իրենով շնչող օրգանիզմ է, որը միշտ լի կարող է լինել խնդիրներով, որոնք պետք է ընթացիկ լուծվեն: Դա է լինելու իմ աշխատանքի տրամաբանությունը»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։
ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին։
Նշենք, որ Աշոտ Սարգսյանը նախկինում եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: Այս տարվա մարտի 14-ից զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատուի պաշտոնը:










