Կամչատկայում Բեզիմյաննի հրաբխի ժայթքումից հետո գյուղերը ծածկվել են մոխրի շերտով

09:49 • 24.04.25

Բեզիմյաննի հրաբխի ժայթքումից հետո Կամչատկայի Միլկովսկի շրջանի առնվազն երեք գյուղ ծածկվել է արտանետված մոխրի շերտով, հայտնում է ՌԴ մարզային արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները կամ դուրս չգալ փողոց, եթե խիստ անհրաժեշտություն չկա, գրում է kommersant.ru-ն:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Լազո, Ատլասովո, Տայոժնի գյուղերում մոխիր է «տեղացել»։ Միաժամանակ պնդում են, որ բնակչության բնականոն կյանքը խաթարված չէ։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է, որ թարմ հրաբխային մոխիրը վտանգավոր է, քանի որ այն բաղկացած է ապարների մանր, բարակ, սուր անկյուն ունեցող բեկորներից և հրաբխային ապակիներից։

Մոխրի մասնիկների մակերեսը պահպանում է էլեկտրաստատիկ լիցքը, ինչի պատճառով մոխրի անկման ժամանակ օդը էլեկտրականանում է, ինչը սպառնում է վնասել էլեկտրական սարքերը։ Օդում ծծմբի և այլ քայքայիչ տարրերի առկայությունը կարող է հանգեցնել շնչառական հիվանդությունների և ալերգիայի, կենդանիների և ջրի թունավորման: