ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվներից շահույթից Ուկրաինային 1,9 մլրդ եվրո կտրամադրի՝ զենքի գնման համար
Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության համար գրեթե 1,9 միլիարդ եվրո հատկացնելու մտադրության մասին։ Դա արվելու է՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը, մայիսի 9-ին Telegram-ում հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը։
Ուկրաինայի կառավարության ղեկավարը դա որակել է «պատմական որոշում, քանի որ Ուկրաինայի համար զենք կգնվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»:
Այսպիսով, այդ գումարից 1 միլիարդ եվրոն ուղղվելու է անմիջապես ուկրաինական արտադրողներից զենք գնելուն։
«Այսպիսով մենք ոչ միայն ուժեղացնում ենք մեր պաշտպանվելու ունակությունը, այլ նաև խթանում ենք տնտեսությունն ու նորարարությունը մեր ռազմարդյունաբերական համալիրում»,- նշել է Շմիհալը։
Նրա խոսքով, ևս 600 մլն եվրո կհատկացվի հրետանու և զինամթերքի համար։ Եվս 200 մլն եվրո կծախսվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման համար։
«Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում Եվրամիությանը այս հեռատես որոշման, առաջնորդության և աջակցության համար: Հատուկ շնորհակալություն Դանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Իտալիային, որոնք կիրականացնեն ուկրաինական 1 միլիարդ եվրոյի զենքի գնումը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։










