Տեխասում կարգելվի հողի վաճառքը Չինաստանի, ՌԴ-ի, Իրանի և Հս. Կորեայի քաղաքացիներին

14:49 • 12.05.25

ԱՄՆ Տեխաս նահանգում կարգելվի հողի վաճառքը «թշնամի երկրների» քաղաքացիներին, ինչի մասին հայտնել է նահանգապետ Գրեգ Էբոթը:

«Շուտով ես կստորագրեմ Միացյալ Նահանգների ամենախիստ օրենքը, որը թշնամական երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին արգելում է Տեխասում հողատարածք գնել կամ դրա սեփականատեր լինել», - նշել է  Էբոթը:

Մայիսի 9-ին Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծի փոփոխությունների փաթեթին։ Ակնկալվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և կազդի այդ ամսաթվից հետո կնքված գործարքների վրա։

Օրինագծի տեքստի համաձայն՝ արգելքը կտարածվի նշված երկրների հետ կապված անհատների, ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա։ Պաշտոնյաների խոսքով՝ հողի գնման սահմանափակումները հիմնված են անձի բնակության երկրի, այլ ոչ թե ազգային պատկանելիության վրա: ԱՄՆ քաղաքացիները կամ մշտական ​​օրինական բնակիչների նկատմամբ նոր օրենքը չի գործի:

Newsweek ամսագիրը հայտնում է, որ օրինագիծը պատասխան է Տեխասի քաղաքացիների մտահոգություններին առ այն, որ Չինաստանն ԱՄՆ-ում հողատարածքներ է գնում , և դրանց մի մասը գտնվում է ամերիկյան ռազմաբազաների մոտ։ Նմանատիպ օրինագիծ ներկայացնելու փորձեր արվել էին 2023 թվականին, սակայն այն չէր ընդունվել Ներկայացուցիչների պալատում։