Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուն գնդակահարվել է քարոզարշավի ժամանակ

13:41 • 13.05.25

Մեքսիկայի Վերակրուս նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեպեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով ևս երեք մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է CNN-ը:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան քաղաքում հանրային միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է Facebook-ի ուղիղ եթերում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է իշխող Մորենա կուսակցության թեկնածուն ողջունում տեղի բնակիչներին և կողմնակիցների ուղեկցությամբ քայլում փողոցով։ Ամբոխը կարգախոսներ է վանկարկում, երբ հանկարծ մոտ 20 կրակոց է լսվում։

Քաղաքական գործիչների, մասնավորապես՝ ՏԻՄ պաշտոնների թեկնածուների վրա հարձակումները սովորական են դարձել Մեքսիկայում ընտրական գործընթացի ընթացքի ժամանակ: Ըստ Data Cívica իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարի երկրում ռեկորդային 661 հարձակում է եղել քաղաքական գործունեության հետ կապված մարդկանց  վրա:

2024 թվականի մայիսին Գերերո նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ սպանվել էր քաղաքապետի թեկնածուն։ Մի քանի օր անց Միչոական նահանգի Կոտիյա քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է մարզասրահից տուն վերադառնալիս։ Հոկտեմբերին Չիլպանսինգոյի նորընտիր քաղաքապետը սպանվել էր ընտրվելուց մեկ շաբաթ չանցած: