Երկարաժամկետ ռազմավարություն՝ Հայաստանը մարզական աշխարհում առավել տեսանելի դարձնելու համար. The Tsakhadzor Sport Center Hotel բազան ՀՀ-ում միակն է այս ոլորտում (տեսանյութ, լուսանկարներ)

14:00 • 01.07.25

Խորհրդային միության տարիներին կառուցված Ծաղկաձորի մարզաբազան, որը հիմնադրվել է 1968 թվականին՝ Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսօր արդեն ծառայում է որպես ժամանակակից ուսումնամարզական հարթակ: Այն  հիմնովին վերանորոգվել է 2007 թվականին, իսկ վերջին տարիներին պարբերաբար արդիականացվում է։ Ինչպես նշում է բազայի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը, հիմնական նպատակը սպորտային համալիրն օլիմպիական և միջազգային մակարդակի ուսումնամարզական հավաքների կենտրոնի վերածելն է:

«Վերազինման աշխատանքները ներառում են ինչպես մարզական ենթակառուցվածքների թարմացում, այնպես էլ նոր տեխնոլոգիաների ներմուծում՝ մարզիկներին առավել արդյունավետ պատրաստելու նպատակով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն ասում է՝ պատանի տարիքից են հավաքներ անցկացնում Ծաղկաձորում՝ տարին երկու անգամ:  Առջևում Եվրոպայի և աշխարհի առաջնությունն է. պատրաստվում են հենց բազայում: «Սպորտբազայում չես կարող ուղղակի մարզվել, պետք է շատ խելացի մարզվել, որովհետև այստեղ ամեն մի պարապմունքը ոնց որ երեք պարապմունք լինի, որովհետև բարձր գոտում ենք գտնվում, թթվածինը շատ քիչ է, ու սա աշխարհի լավագույն բազաներից մեկն է, մնում է քրտնաջան աշխատենք ու մեդալներ նվաճենք»,- ասաց Հարությունյանը։ 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի խոսքով, բազայում ֆիզիկական մեծ աշխատանք են կատարում, որն ամբողջ տարվա համար մեծ մոտիվացիա է․ «Շատ գոհ ենք այս սպորտային համալիրից, Հայաստանում լավագույններից մեկն է ու շատ լավ պայմաններ կան մարզվելու համար,  ես 2006-2007 թվակններից այստեղ ամեն տարի հավաքի եմ գալիս ու ամեն ինչ իդեալական է»։

Ներկայումս մարզաբազայի ուսումնամարզական հավաքների գալիս են ոչ միայն հետխորհրդային երկրների մարզիկները, այլև բազմաթիվ մարզիկներ այլ երկրներից: 

Բազան այսօր համատեղում է ավանդույթներն ու նորարարությունը՝ ստեղծելով ժամանակակից սպորտային միջավայր, որը ծառայում է ինչպես պրոֆեսիոնալ մարզիկներին, այնպես էլ՝ ակտիվ սպորտի սիրահարներին: Գլխավոր մարզահամալիրը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են հանգիստը համատեղել առողջ ապրելակերպի հետ,  օգտվել լողավազանից, թենիսի կորտերից, վազքուղիներից և այլն: