«Ուրարտու» ակումբը և Յունիբանկը պաշտոնապես հայտարարեցին համագործակցության մասին (տեսանյութ, լուսանկարներ)

19:13 • 02.07.25

Նոր էջ՝ «Ուրարտու» ակումբի պատմության մեջ: Պաշտոնապես հայտարարվեց ակումբի և Յունիբանկի միջև համագործակցության մեկնարկի մասին։ Ստորագրված պայմանագրով Յունիբանկը դառնում է «Ուրարտու»-ի տիտղոսային հովանավորը։

Համագործակցությունը միտված է ոչ միայն ակումբի ֆինանսական կայունությանն ու ենթակառուցվածքների զարգացմանը, այլև երիտասարդական ակադեմիայի և սոցիալական ծրագրերի առաջխաղացմանը։ Համագործակցությունը Յունիբանկի հետ կարևոր քայլ է ակումբի կայուն զարգացման և նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի խոսքով, երկուստեք ուրախ են աշխատել միմյանց հետ, քանի որ կիսում են նույն արժեքներն ու նպատակները:

Իր հերթին, Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ հպարտ են համագործակցել մի ակումբի հետ, որն ունի վառ անհատականություն և հավակնոտ նպատակներ։ Հավատացած են, որ համագործակցությունը կդառնա ամուր հիմք նոր հաղթանակների համար՝ ինչպես թիմի, այնպես էլ երկրպագուների համար։ Յունիբանկը շարունակելու է աջակցել սպորտի զարգացմանը Հայաստանում։

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ 2022/23 մրցաշրջանում թիմը գրանցեց պատմական հաջողություն՝ ձևակերպելով «ոսկե դուբլ»՝ դառնալով չեմպիոն ու գավաթակիր։ Հաջորդ կարևոր փուլն ակումբի համար կլինի հուլիսի 10-ին՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայանալիք հանդիպումը բելառուսական «Նեմանի» հետ։ Այդ օրը թիմը դաշտ դուրս կգա նոր ձևաչափով՝ Յունիբանկի տարբերանշանով խաղաշապիկով՝ ազդարարելով համագործակցության նոր փուլը։ Համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: