Պորտուգալիան սգnւմ է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր կnրnւստը (տեսանյութ, լուսանկարներ)
Հազարավոր սգավորներ հավաքվել էին Պորտուգալիայի Գոնդոմար քաղաքում՝ հրաժեշտ տալու «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտային և նրա եղբորը՝ Անդրե Սիլվային, ովքեր ողբերգական ավտովթարի զոհ դարձան: Հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ շաբաթ առավոտյան՝ Գոնդոմարի 17-րդ դարի Igreja Matriz de Gondomar եկեղեցում:
Եղբայրների դագաղները եկեղեցի տեղափոխվեցին ջութակի հնչյունների և ծափերի ուղեկցությամբ՝ երկու քահանաների առաջնորդությամբ: Դագաղները կրողները, որոնց թվում էին ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները, արցունքները սրբելով էին առաջ շարժվում: Դիոգու Ժոտայի կինը՝ Ռուտ Կարդոզուն, ով ամուսնացել էր նրա հետ ընդամենը երկու շաբաթ առաջ, բռնել էր ամուսնու դագաղի հետևի հատվածը: Դագաղը կրողների թվում էր նաև Ժոտայի նախկին թիմակիցը «Վուլվզից»՝ Ռուբեն Նևեշը, ով Պորտու էր ժամանել մասնավոր ինքնաթիռով:
Արարողությանը ներկա էին «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դայկը, գլխավոր մարզիչ Առնե Սլոտը, ինչպես նաև թիմակիցներ Կուրտիս Ջոնսը, Ալեքսիս Մակ Ալիսթերը, Քոնոր Բրեդլին, Ֆեդերիկո Կիեզան և Վատարու Էնդոն:

Ներկա էին նաև նախկին ֆուտբոլիստներ Ջորդան Հենդերսոնը, Ջեյմս Միլները, ինչպես նաև «Վուլվզի» նախկին խաղացողներ Ժուաո Մուտինյոն և Ռուի Պատրիսիոն:

Արարողության ընթացքում հնչեց Յոհան Սեբաստիան Բախի Air on a G String ստեղծագործությունը, իսկ ելքի ժամանակ երգիչը կատարեց Ave Maria-ն, որը հնչում էր նաև բարձրախոսների միջոցով: Եղբայրները հանգչելու են եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը՝ ձիթենիներով շրջապատված:

28-ամյա Դիոգո Ժոտան և 25-ամյա Անդրե Սիլվան մահացան Իսպանիայի A-52 մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով: Նրանց վարած Lamborghini-ն դուրս էր եկել ճանապարհից և բռնկվել: Իսպանական ոստիկանությունը քննում է վթարի պատճառները, ներառյալ անիվի պայթյունը կամ արագության գերազանցումը: Հայտնի է, որ վթարի վայրը համարվում է վտանգավոր՝ ճանապարհի վատ վիճակի և վայրի կենդանիների հաճախակի անցումների պատճառով:

«Վուլվզ» ակումբը, որտեղ Ժոտան խաղացել է 2017-2020 թվականներին, եկեղեցի էր բերել ծաղկեպսակ՝ «Դիոգու, քո պայքարի և հաղթելու ցանկությունը լույս էր Մոլինյուում» գրությամբ: Պորտուգալիայի ֆուտբոլային ֆեդերացիան հաստատել է, որ ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել արարողությանը, քանի որ գտնվում էր ընտանիքի հետ Մալյորկայում:
Ուրբաթ օրը Սուրբ Կոսմեի մատուռում տեղի էր ունեցել սգո արարողություն, որին մասնակցել էին Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան, վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն և Ժոտայի գործակալը: Գոնդոմարի բնակիչները, ովքեր հերթ էին կանգնել մատուռի մոտ, խոսում էին Ժոտայի համեստության և համայնքի նկատմամբ նրա նվիրվածության մասին:











