Այսուհետ Երևանի և Քուվեյթի միջև կիրականացվեն կանոնավոր չվերթներ (տեսանյութ)

14:56 • 09.07.25

Զվարթնոց օդանավակայանում ավիացիայում ընդունված ամենախորհրդանշական ողջույնն է տրվում` ջրային կամարի տակով «Jazeera Airways» ավիաընկերության օդանավն է անցնում, որ Հայաստան էր ուղևորվել Քուվեյթից։ Այս կերպ ազդարարվեց Երևանի և Քուվեյթի միջև իրականացվող կանոնավոր չվերթի բացումը։

Շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ,  կիրականացվեն Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղղությամբ թռիչքներ։ Որ ուղղությունը սպասված էր՝ վկայում են առաջին ուղևորները։ 

«Ես հաջողակ եմ, որ տեղ ունեցա օդանավում, որովհետև օդանավը լիքն էր։ Սա ցույց է տալիս գրավչությունը, որ իսկապես պահանջարկը կա: Աշխատում ենք նաև կառավարության հետ՝ չվերթների հաճախականությունն ավելացնելու համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին:

Քուվեյթի առաջատար բյուջետային ավիափոխադրող «Jazeera Airways» ավիաընկերությունը սպասարկում է ավելի քան 60 ուղղություն` Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում՝  շարժակազմում ունենալով 24 օդանավ, որից 11-ը՝ Airbus A320 neo։

«Այս ժամանակահատվածում նախատեսում ենք 6,500 ուղևոր փոխադրել, իսկ հաջորդ տարվա համար նախատեսում ենք, որ այդ թիվը 4 անգամ կավելանա»,-ասաց Բարաթհան Պասուպատին:

Հայաստանի ու Քուվեյթի միջև գործող առանց վիզայի ռեժիմը ստեղծում է լավ նախադրյալ երկու երկրների միջև զբոսաշրջային ուղղությունը զարգացնելու համար, բացի այդ, այն կարող է նաև հարմար տարբերակ լինել տարանցիկ չվերթների համար։ 

Երևանից Քուվեյթ միակ ուղիղ չվերթը 2021թ-ին է իրականացվել՝ չարթերային տարբերակով։ Արդեն գործարկված կանոնավոր չվերթների համար տոմսեր հնարավոր է ձեռք բերել  jazeeraairways.com կայքից։