Լեհաստանի նախագահ Դուդայի մասին «Ապուշը. դեպքի ուսումնասիրություն» գիրքը հանվել է վաճառքից

16:42 • 18.07.25

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասին «Ապուշը. դեպքի ուսումնասիրություն» վերնագրով գիրքը ժամանակավորապես հանվել է վաճառքից, քանի որ դրա վերնագիրը մտահոգություններ է առաջացրել դրա օրինականության վերաբերյալ։ Այս մասին գրում է «Օնեթ»-ը:

Խոսքը վերաբերում է գրքին, որի գլխավոր հերոսը նախագահ Անջեյ Դուդան է: Գրքի վերնագիրն ու բովանդակությունը բազմաթիվ բողոքների պատճառ են դարձել, ինչը ստիպել է գրքեր վաճառող լեհական «Էմպիկ» մանրածախ առևտրի ցանցին հետաքննություն սկսել Լեհաստանի քրեական օրենսգրքի 135(2) հոդվածի հնարավոր խախտումների վերաբերյալ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում երկրի նախագահին հրապարակային վիրավորանք հասցնելու համար: Այս հոդվածը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

«Էմպիկ»-ի կորպորատիվ հաղորդակցությունների մենեջերը հայտնել է, որ գրքի վաճառքը կասեցվել է մինչև հետաքննության ավարտը, որից հետո որոշում կկայացվի հրատարակությունը վաճառքի վերադարձնելու վերաբերյալ։