«Զանգեզուրի միջանցքի» պատմական արմատների մասին. տեղի է ունեցել «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Հայկական գիտական միտքն արձագանքել է ժամանակակից իրողություններին՝ նոր աշխատությամբ, որը բացահայտել է պատմության խորքերում ձևավորված ռազմավարական ծրագրերը։ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» վերնագրով գիրքը ներկայացվել է հասարակությանը՝ նպատակ ունենալով լուսաբանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պատմական ու գաղափարական ակունքները։
Հեղինակները ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և թյուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանն են:
«Այս գիրքը վերաբերում է ոչ միայն ակադեմիական, այլև հասարակական, քաղաքական կարևորագույն խնդրի, որին բախվել է Հայաստանը, հայ հասարակությունը և տարածաշրջանը», -ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Աշխատության կարևոր առանձնահատկությունն այն է, որ հիմնվում է ոչ միայն հայ, այլև թուրքական ու ադրբեջանական աղբյուրների վրա՝ ընդգծելով, որ այդ ծրագրի արմատները պետք է փնտրել ոչ թե վերջին տարիների իրադարձություններում, այլ շուրջ մեկ դար առաջ։ Գրքում մանրամասն վերլուծվում է, թե ինչպես է տարբեր ժամանակաշրջաններում վերակենդանացել այդ դարավոր ծրագիրը, ինչպիսի ձևերով է այն առաջարկվել և հատկապես՝ ինչ դեր է խաղացել Սյունիքի աշխարհագրական դիրքը դրա կենսագործման տեսանկյունից։
«Միջանցքը չի ծագել 2020 թվականին, ինչպես շատերին թվում է: Միջանցքի գաղափարը թուրքական քաղաքական մտքում ծագել է առնվազն 1910-ական թվականներին և նույն ժամանակում էլ օգտագործվել է «միջանցք» տերմինը: Առաջին ֆիքսված օրինակներն այդ ժամանակաշրջանից ունենք», - փաստեց Վարուժան Գեղամյանը:
Տարբեր պատմական փուլերում առնչություն է եղել այս ռազմավարության հետ։ Դրանք երբեմն եղել են բացահայտ, երբեմն՝ ստվերային, բայց գրքի հեղինակները փաստում են՝ ծրագիրը շարունակական է եղել։ Նրանք, ի հավելումն պատմական վերլուծությունների՝ գրքում ներառել են նաև առաջարկներ և մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրին դիմագրավելու համատեքստում։
«Գրքի կարևոր արժանիքը ոչ միայն նյութի ամփոփումը, դրա հիման վրա եզրակացությունների ներկայացումն է, այլ նաև լուծումների առաջարկումը: Լուծումներ, որոնք չափազանց կարևոր են», -նշեց գրքի խմբագիր, բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը:
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Այն կարող է օգտակար լինել ոչ միայն գիտնականների կամ քաղաքական վերլուծաբանների, այլ նաև յուրաքանչյուրի համար, ով հետաքրքրված է հայ պատմության՝ ավելի խորքային շերտերով, որտեղ աշխարհագրությունը վեր է ածվում ազգային անվտանգության հիմնական գործոններից մեկի։










