Հաղթանակի ու ոգու անպարտելի խորհրդանիշը հայկական իրականության մեջ. Սարգիս Ստեփանյան (տեսանյութ, լուսանկարներ)
Նրանք չեն ընդունել «չեմ կարող»-ը որպես ճշմարտություն, և այսօր իրենց ուժով ու կամքով կոտրում են բոլոր կարծրատիպերը։ Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնք պայքարում են ոչ միայն մրցակցի, այլ նաև՝ սեփական մարմնի սահմանափակումների դեմ։ Պատմության գլխավոր հերոսն էլ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Սարգիս Ստեփանյանն է, ում ջանքերով ստեղծվել է «Լեգենդներ» մարզասրահը:
«Մեր մարզասարքերը հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այսինքն՝ իրենք անվասայլակով մոտենում են մարզասարքին և ինքնուրույն իրենց մարզումը կարողանում են կատարել, իհարկե, պրոֆեսիոնալ մարզչական խմբի ներկայությամբ, պրոֆեսիոնալ ցուցումներով»,-Tert.am-ի հետ զրույցում ասում է Սարգիս Ստեփանյանը:
14 տարեկան և բարձր տարիքային խմբում գտնվող բոլոր այն մարդկանց համար, որոնք ունեն հաշմանդամություն և ցանկանում են սպորտով զբաղվել, մարզասրահն ամբողջությամբ անվճար է: Մարզասրահին կից գործող վերականգնողական կենտրոնի դռներն էլ, առանց որևէ վճարի բաց են պատերազմի մասնակիցների և զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած տղաների համար։ Իսկ նրանք, որոնք չեն մտնում նշված խմբերի մեջ, կարող են այցելել, սակայն վճարովի հիմունքներով, որից գոյացած գումարն ամբողջությամբ տրամադրվում է մարզասրահին:
Ստեփանյանը նշում է, որ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ունի պրոֆեսիոնալ թիմ և մարզչական կազմ, ովքեր ամեն ինչ անում են, որ Հայաստանում զարգանա սպորտը։
Բազկամարտի չեմպիոնը, ով իր մարզական ուղին սկսել է 2015 թվականին «Պարաբազկամարտ» սպորտաձևով, բազմաթիվ մարզական մեթոդների հետ մեկտեղ մշակել և մարզվել է հատուկ մարզական տեխնիկայով՝ «S.S top roll armwrestling technique», որն էլ հիմք է հանդիսացել նրա բազմաթիվ հաղթանակների:

Հայաստանի յոթակի, Եվրոպայի հնգակի, Աշխարհի եռակի չեմպիոն և «Պարաբազկամարտ» սպորտաձևի Աշխարհի կրկնակի գավաթակիր Սարգիս Ստեփանյանը մանրամասնում է իր հաղթական տեխնիկան՝ մատներով սեղմել մրցակցի դաստակը, ճնշում գործադրել, հետո քաշելով, նախաբազուկով, մեջքով, պտույտի միջոցով մրցակցի դաստակը մոտեցնել բարձիկին, այսինքն՝ հաղթական դիրքի բերել, այդ ամենի ընթացքում չմոռանալով արագության մասին:
Ասում է՝ փորձը ցույց է տալիս, որ այդ հատուկ մեթոդը կիրառելի է և լավ արդյունքներ է գրանցում, որովհետև թիմը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունից մշտապես մեդալներով է վերադառնում, որը քրտնաջան մարզումների և հատուկ մոտեցման տեսանելի արդյունքն է:

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի գլխավորությամբ յուրաքանչյուր տարվա սկզբին՝ միջազգային մրցաշարերին ընդառաջ, կազմակերպում և անցկացնում է Հայաստանի «Պարաբազկամարտի» առաջնություն, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից պարաբազկամարտիկներ և որի արդյունքում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկներից ձևավորվում է հավաքական թիմ՝ միջազգային մրցաշարերում՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Հայաստանը ներկայացնելու համար:
Այս պահին էլ «Լեգենդներ» մարզասրահում, Աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի են ունենում Պարաբազկամարտի հերթական մարզական հավաքները: Այն կայանալու է սեպտեմբերի 10-23-ը, Բուլղարիայի Ալբենա քաղաքում: Հայաստանի Պարաբազկամարտի հավաքականի 8 մարզիկ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ մասնակցելու է առաջնությանը: Վստահ են՝ գնում են հաղթանակի հետևից, սակայն սիրված չեմպիոնի նպատակներն այդքանով չեն ավարտվում:

«Իմ գերնպատակն է 2028 թվականին, Լոս Անջելոսում կայանալիք Պարալիմպիկ խաղերում «Գնդի հրում» սպորտաձևում դառնալ չեմպիոն և ամեն ինչ անելու եմ դրա համար», - նշում է նա:
Սարգիս Ստեփանյանը ուժի ու ոգու այն օրինակն է, ով հաղթանակ է խոստանում բոլոր նրանց, ովքեր երբեք կանգ չեն առնում ու միշտ ձգտում են առաջ։ Նա ապացուցում է, որ կամքն ու համառությունը կարող են դառնալ ոչ միայն անձնական, այլև ողջ ազգի հաղթական ուղին:










