Շոկոլադներ արտադրող «Kristelle des chocolats» ընկերությունը գործում է նաև Մոսկվայում (տեսանյութ)
17 տարի շարունակ Քրիստինայի առավոտներն սկսվում էին ԵՊՀ-ի մարդաշատ ու աղմկոտ միջանցքներում՝ ապագա մասնագետների հետ զրույցներով ու քննարկումներով, սակայն դա արդեն հիշողություն է: Այսօր Քրիստինայի վերջին օրն էր հարազատ դարձած համալսարանում:
Քրիստինան սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումն ավարտելուց հետո վերադարձել որպես Ընդունելության ու դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի առաջատար մասնագետ: Վերջին 5 տարիներին էլ ղեկավարել է բաժինը, սակայն այսօր, շուրջ մեկ տարի մտածելուց հետո, որոշել է հրաժարվել սիրելի միջավայրից, կայուն աշխատանքից ու իրեն նվիրել իր իսկ հիմնած շոկոլադի բրենդին՝ «Kristelle»-ին:
Շոկոլադագործությունը Քրիստինայի սրտի գործն է: Նա իր ձեռքերով պատրաստում է յուրահատուկ շոկոլադներ՝ համադրելով եվրոպական դասական տեխնիկան հայկական համերին ու բույրերին:
Սկզբում սա ընդամենը հոբբի էր, հետո դարձավ հոգևոր թերապիա, իսկ այսօր իր հիմնած բիզնեսն է՝ մեծ ապագայով։
«Որոշում կայացնելը դժվար էր, բայց հիմա հասկանում եմ, որ ունեմ ներքին խաղաղություն ու ապրում եմ միայն «Kristelle»-ով: Այն ինձ համար ուղղակի աշխատանք չէ, այլ ամբողջ կյանքի սերն է: Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ զբաղվել նման գործով»,-Tert.am-ի հետ զրույցում պատմում է Քրիստինան:
Բացի որակից՝ Քրիստինան կարևորում է նաև հասանելիությունն ու բազմազանությունը: Առաջարկում է հարսանեկան տարոսիկներ, մանակական միջոցառումների համար նախատեսված փաթեթներ ու անհատական պատվերով պատրաստված շոկոլադներ՝ համապատասխան փաթեթավորմամբ: Նշենք, որ բացի արտադրությունից՝ Քրիստինան պլանավորում է ունենալ նաև վարպետության դասեր՝ օնլայն ու օֆլայն տարբերակով:
Ի դեպ՝ «Kristelle»-ի արտադրամասը հուլիսի 1-ից գործում է նաև Մոսկվայում:










