Այսօրվա Սահմանադրությունն այնքան ատելի է ժողովրդի համար, որքան կայսրությունների կողմից պարտադրվածը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:35 • 23.09.25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի առաջիկա հինգ տարիների համար ամենակարևոր բարեփոխումներից մեկը նոր Սահմանադրության ընդունումն է։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը դատական իշխանության և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է:

«Իմ համոզմամբ, ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը դատական իշխանության օրգանական կապի ստեղծումն է ժողովրդի հետ: Այսօրվա Հայաստանի Սահմանադրության և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում՝ Խորհրդային Միության, դրանից առաջ ռուսական կայսրության, դրանից առաջ Օսմանյան կայսրության, դրանից առաջ պարսկական կայսրության կողմից իրեն պարտադրված օրակարգը», - ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ գործող Սահմանադրությունը երբեք հանրաքվեում չի ստացել ժողովրդի 50 տոկոսից ավելի աջակցություն, ինչի հետևանքով այն ընկալվում է որպես «պարտադրված» փաստաթուղթ:

«Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում, որովհետև ինքը չի համարում, որ ինքը ձեռք է բերել պայմանավորվածություն, թե ներհայաստանյան կյանքում ինչ կանոններով ենք ապրում», - նշեց նա։

Նա կարևորեց նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը՝ որպես դատական համակարգի նկատմամբ վստահություն բարձրացնելու միջոց։

Վարչապետի գնահատմամբ՝ առանց նոր Սահմանադրության և արդարադատության ոլորտի արմատական բարեփոխումների անհնար է հասնել կայուն ինստիտուցիոնալ ժողովրդավարության։

 

Այսօրվա Սահմանադրությունն այնքան ատելի է ժողովրդի համար, որքան կայսրությունների կողմից պարտադրվածը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)