Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ երկրներում առողջապահության թվայնացման թեմայով հանդիպմանը

21:55 • 25.12.25

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին` նախարարը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:

«Առավել ևս առողջապահական հանընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը գործընկեներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները` անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին:

Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով` գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը: