Երևանի Տիգրան Մեծ բնակելի համալիրի բնակիչները՝ փաստի առաջ․ կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն շենքի հանձնման ժամկետից 3 տարի անց դեռ չունի շենքի ավարտական ակտ, լուրջ տեխնիկական խնդիրներ ևս առկա են
Երևանի Տիգրան Մեծ բնակելի համալիրի բնակիչները հայտնվել են փաստի առաջ․ կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն շենքի հանձնման ժամկետից 3 տարի անց դեռ չունի շենքի ավարտական ակտն ու բնակիչները չեն ստացել սեփականության վկայականները։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Բացի այդ՝ թեև արդեն բնակիչների մեծ մասը ապրում է շենքում, բայց լուրջ տեխնիկական ու կառավարման խնդիրներ են նկատել։ Բնակիչների խոսքով՝ խնդիրները ի սկզբանե են եղել և տարիների ընթացքում ոչ միայն չեն լուծվել, այլ խորացել են։
Բնակիչներից մեկը նշեց, որ շենքի թերությունները ակնհայտ էին դեռ երկու տարի առաջ։
«Խնդիրները ոչ թե հետո են առաջացել, այլ ի սկզբանե են եղել։ Ջերմամեկուսացում ընդհանրապես չի արվել, դա տեսանելի էր։ Բացի այդ, կառուցապատողի կողմից բազմաթիվ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, փորձել են բնակիչներից ավելորդ գումարներ շորթել», -ասել է բնակիչը։
Նրա խոսքով, այսօր էլ կառուցապատողը բնակիչներից շարունակում է գանձել սպասարկման վճար՝ առանց փաստացի սպասարկում ապահովելու։
«Քառակուսի մետրի համար վերցնում են 250 դրամ։ Կան բնակիչներ, որ արդեն չորրորդ ամիսն է՝ վճարում են, բայց սպասարկումը զրո է։ Մաքրությունից բացի՝ ոչինչ չի արվում, այն էլ շատ թերի։ Ավելին՝ ասում են՝ եթե չվճարեք, նոտարի մոտ չենք մտնի, ջուրը կանջատեն, շենքի մուտքը կփակեն», - նշել է նա։
Բնակիչները շատ բաներ արել են սեփական միջոցներով, բայց բախվել են խնդիրների, որոնց դեպքում ինքնուրույն լուծումներ տալ չեն կարող, քանի որ փաստացի շենքի կառավարումը կառուցապատողի ձեռքում է։
Բնակիչների կարծիքով, ստեղծված իրավիճակից միակ ելքը կառուցապատողի լիակատար հեռացումն է շենքի կառավարումից։
«Մեզ համար միակ լուծումը սա է․ կառուցապատողը պետք է դուրս գա սպասարկումից, հեռանա շենքի կառավարման գործընթացից, բոլոր կոմունիկացիաները հանձնվեն բնակիչներին, և մենք ինքներս որոշենք՝ համատիրություն ստեղծել, թե մասնագիտական ընկերություն վարձել», - ասել է նա։
Բնակիչներին մտահոգում է նաև բանկերի դիրքորոշումը։ Շենքի բնակարանների մեծ մասը գնվել է վարկերով, սակայն, նրանց խոսքով, բանկերը չեն արձագանքում ռիսկերին։
«Այս գույքը դեռ տասնյակ տարիներ գրավ է հանդիսանալու բանկերի համար։ Ինչպե՞ս են նրանք այս ամենը ռիսկ չեն համարում, երբ մարդիկ նույնիսկ կարող են հրաժարվել բնակարանները ընդունելուց»,- նշել է բնակիչը։
Առանձին լուրջ խնդիր է նաև կաթսայատան հարցը։ Բնակիչների փոխանցմամբ, այն բանավոր ձևով համարվում է կառուցապատողի սեփականությունը, ինչը կարող է դառնալ ճնշման գործիք։
«Մարդկանց եկել են 400-500 հազար դրամի ջեռուցման վճարներ։ Անհասկանալի է՝ ինչպես են հաշվարկվել։ Քանի որ շենքը գազամատակարարում չունի, և պայմանագրերով նույնիսկ օդափոխիչ տեղադրելն է արգելված, սա կենսական լծակ է բնակիչների վրա ազդելու համար», - ասաց նա։
Մեկ այլ բնակիչ ուշադրություն է հրավիրում անվտանգության խնդրի վրա՝ կապված արտաքին երեսպատման քարաթափումների հետ։










