Այս փուլում տեմպը ինձ համար գոհացուցիչ չէր, բայց ասել՝ որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ. Սուրեն Պապիկյանը՝ կանանց ԶՈւ-ում ծառայելու մասին

13:37 • 13.01.26

Կարևոր բարեփոխում եմ համարում 18-20 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների՝ կանանց ներգրավվումը բանակում: Պիտի նշեմ, որ այս փուլում՝ չնայած նախկինում եղած շահագրգիռ հայտարարություններին, տեմպը՝ ինձ համար մեղմ ասած գոհացուցիչ չէր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը

«Բայց ասել, որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ, արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ և ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում Զինված ուժերում, և նրանց զգալի մասը՝ մոտավորապես 70 տոկոսը, ԶՈՒ-ում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում, հիմնական մասը սպա է դառնում:

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, իգական սեռի ներկայացուցիչներին, նրանց ծնողներին՝ մեր մոտ կա ավանդույթների, մենտալիտետի բախում, և ես կարծում եմ, որ մենք այս խնդիրը պետք է հաղթահարենք համատեղ ուժերով: Հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին՝ այցելել կանանց գումարտակ, լուսաբանել, թե ինչպիսին են բնակապահովման միջոցները, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց քույրերին ու դուստրերին զինվորական ծառայության ուղարկելու»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Պապիկյանը նշել է, որ այս ծրագիրը թույլ է տալիս, որ կանայք ու աղջիկները կարողանան մասնակցել «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին: