«Երևան Սիթի»-ից գնված «Աթենք»-ի պանրով կիևյան կոտլետի մեջ քաղաքացին հայտնաբերել է տոպրակի կամ պլաստիկի նմանվող զանգված

11:05 • 03.03.26

Tert.am-ին է դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ հունվարի 6-ին Երևան Սիթիից գնել է Աթենքի պանրով կիևյան կոտլետ, կոտլետի միջից հայտնաբերել է տոպրակի կամ պլաստիկի նմանվող զանգված:

Tert.am-ը թեմայի շուրջ պարզաբանման նպատակով կապ հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքացին ուշ է դիմել, եթե դիմեր հենց հունվարի 6-ին, կփորձեին որոշակի քայլեր ձեռնարկել, իսկ հիմա այլևս ոչինչ չեն կարող անել, քանի-որ տվյալ խմբաքանակը, որից քաղաքացին խնդիր է հայտնաբերել, արդեն վերջացել է, ստուգումը կլինի ոչ արդյունավետ:

«Հունվարին տեղի ունեցած իրադարձությունը այսօր արդեն հնարավոր չէ ճշտել, այդ պահին պետք է դիմեր ու ասեր, մենք էլ փորձեինք հասկանալ, թե որտեղից է գնել, ճշտեինք խմբաքանակն ու դրա հետևից գնայինք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ը անդրադարձել էր սպառողներից մեկի՝ «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան էջում արված գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, որ «Աթենք» ընկերության արտադրած նագգեթսի մեջ տոպրակի կտոր է հայտնաբերել։

Անդրադառնալով երեկ գրառում կատարած քաղաքացու ահազագին՝ ՍԱՏՄ խոսնակը հավելեց, որ քաղաքացին մինչ այս պահը դեռ չի նշել, թե որտեղից է գնել տվյալ սնունդը:

Շեշտեց, որ ըստ օրենսդրության՝ ինքն Աթենքի արտադրություն գնալ չի կարող, քանի-որ որտեղից գտնվում է խախտումը, այնտեղից էլ պետք է սկսել վերահսկողությունը: Խախտում հայտնաբերելու դեպքում պետք է գնալ տվյալ խանութ, ճշտել, թե որ խմբաքանակն է եկել, այնուհետև հետագծելիությամբ գնալ արտադրություն.

«Մենք սահմանափակում ուննեք օրենսդրությամբ, բնականաբար, պարտավոր ենք հետևել նորմերին»: