Մեր գերնպատակն է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով. ԿԸՀ նախագահ

10:50 • 15.04.26

Մեր գերնպատակն է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Հանձնաժողովի նպատակն է ապահովել ընտրական համակարգի նկատմամբ վստահելիության շարունակական բարձրացում: ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, և գերնպատակ է, որպեսզի ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով: Սա նշանակում է, որ, անկախ այն հանգամանքից, թե քարոզարշավի, թե մինչ քվեարկությունը ընտրական պայքարի փուլում ինչպիսի քաղաքական իրավիճակ կլինի, ընտրությունները կազմակերպվեն այնպես, որ դրանց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն:

2024-2025 թվականներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կենտրոնացած է եղել ընտրական համակարգի զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև սպասվող ԱԺ ընտրություններին նախապատրաստման ուղղությամբ: 2025 թվականի ապրիլին ԿԸՀ-ն ընդունել է 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը: Ռազմավարական պլանում մենք արձանագրել ենք մեր առաջնային առաքելությունը, այն է՝ ժողովրդի իշխանության իրացում՝ ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների և հանրաքվեների միջոցով»,- նշել է Հովակիմյանը: