Իրանը բանակցությունների այս փուլում ուրանի հարցի քննարկումն անիմաստ է համարում․ Իրանի ԱԳՆ
Իրանի իշխանությունները համոզված են, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ներկա փուլում բարձր հարստացված ուրանի հարցի քննարկումը արդյունքի չի բերելու։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Իրանում բարձր հարստացված ուրանին, մենք շատ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը։ Այս փուլում, եթե մենք ցանկանանք քննարկել այդ հարցերը, որպես կանոն, արդյունքի չենք հասնի»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Դիվանագետը հիշեցրել է, որ կողմերն արդեն նախկինում փորձել են երկխոսություն վարել այս թեմայով, սակայն լուրջ տարաձայնությունների պատճառով չեն կարողացել համաձայնության գալ։ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ն իր անտրամաբանական պահանջների պատճառով կործանել է բանակցային դիրքերը և հանցագործություն է գործել՝ հարձակվելով Իրանի վրա։
Ավելի վաղ իրանական ISNA գործակալությունը հայտնել էր, որ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը Թեհրան է ժամանել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական առաքելության շրջանակներում։ Ինչպես նշել է Բաղային, Իրանում է գտնվում նաև Կատարի պատվիրակությունը, որը բանակցություններ է վարում հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ, սակայն բանակցություններում գլխավոր միջնորդը նախկինի պես շարունակում է մնալ Պակիստանը։














