Միջազգային հարթակը՝ Հայաստանում. մեկնարկեց Radioplayer Armenia թվային հարթակի գործունեությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Մեկ ամսում ավելի քան 45,000 լսման սեսիա, 32,300 լսման ժամ, 43 րոպե լսման միջին տևողություն և միջազգային ունկնդիրներ. հայկական ռադիոն այսուհետ հասանելի է համաշխարհային թվային միջավայրում: Ազդարարվեց Radioplayer Armenia-ի պաշտոնական մեկնարկը, որը տոնելու համար մեկ հարկի տակ էին հավաքվել Հայաստանի առաջատար ռադիոկայաններն ու խոշոր գովազդատուները:
«Այսօր մենք ներկայացրել ենք մի հարթակ, որն իրենից ներկայացնում է հավելված, մեկ հարթակում՝ բազմաթիվ ռադիոներ: Պետք չի ներբեռնել 10, 20, 30 ռադիոկայանների հավելված, որպեսզի հասանելի լինեն սիրված կամ հաճելի ռադիոները: Կա մեկ հարթակ, որի մեջ կան ներկա պահին 10 FM ռադիոկայան և մոտ 20 օնլայն ռադիո, որոնք ավելանանալու են»,-ասում է «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյան:
Radioplayer-ը միջազգային տեխնոլոգիական հարթակ է, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում՝ BBC-ի և կոմերցիոն ռադիոկայանների համագործակցության արդյունքում։ Այսօր այն Եվրոպայի և Կանադայի ռադիոհեռարձակման առաջատար թվային հարթակներից մեկն է, որը միավորում է ռադիոները մեկ տեխնոլոգիական էկոհամակարգի մեջ։ Հայաստանն այսուհետ կլինի այդ գլոբալ ցանցի մի մասնիկը՝ միավորելով տեխնոլոգիան, կոնտենտը և լսարանը՝ մեկ հավելվածի շուրջ, որի առիթով միջոցառմանը տեսաուղերձով հանդես եկավ Radioplayer-ի գլխավոր գործադիր տնօրենը:
«Ռադիոն շարունակում է մնալ մարդկանց կյանքում ամենավստահելի և ազդեցիկ մեդիահարթակներից մեկը, այնպես որ եկեք համատեղենք մեր ջանքերն ու համագործակցենք, որպեսզի այդպես լինի նաև ապագա սերունդների համար: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վստահության, այս գործընկերության և ձեր պատրաստակամության համար: Համոզված եմ, որ մենք երկարատև ու արդյունավետ ճանապարհ ունենք միասին անցնելու և Radioplayer-ը մեծ հաջողություն կունենա Հայաստանում»,-նշել է «Radioplayer Worldwide»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յան Լեգարսոնը:
Radioplayer Armenia-ն լսարանին առաջարկում է մեկ միասնական հավելված, որտեղ ռադիոկայանները հասանելի կլինեն CarPlay-ի, Android Auto-ի, սմարթֆոնների, Smart TV-ների, համակարգիչների և խելացի բարձրախոսների միջոցով։ Նշում են՝ դրան հասնելու ճանապարհը հեշտ չէր, բայց ստացվեց այն, ինչը միավորեց ոլորտի ներկայացուցիչներին՝ մեկ նպատակի շուրջ:
«Շատ երկար մենք բանակցում էինք, ներկայացնում էինք, ասում՝ մենք արժանի ենք, որ ընդգրկվենք, որ Հայաստանը հասել է այդ մակարդակին, որ մենք լավն ենք ամեն ինչով՝ որակով, մեր կոնտենտով, երգացանկով, ներկայացված ծրագրերով: Ի վերջո, դա ստացվեց, մենք ստորագրեցինք այդ պայմանագիրը»,-մանրամասնում է «Kiss FM»-ի տնօրեն, «Radio Aurora»-ի հաղորդավար Ռուզաննա Շահինյանը:
Radioplayer-ը հատուկ առաջարկներ ունի նաև գովազդատուների համար: Այն հնարավորություն է տալիս կիրառել pre-roll գովազդային ֆորմատներ, ստանալ իրական վերլուծություն և թիրախավորել լսարանը՝ ըստ ռադիոկայանի, ժամանակի և սարքի՝ ապահովելով մանրամասն թվային վերլուծություն, թվային աուդիո թիրախավորում, չափելի արշավներ և պրեմիում ռադիո գովազդային ինվենտար։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ խաղարկություն, որի հաղթող գովազդատու ընկերությունները ստացան հատուկ առաջակներ՝ Radioplayer Armenia-ում գովազդներ տեղադրելու համար:


















