Դիլիջանից՝ Ֆլորենցիա. իտալական կրթությունն ու հյուրընկալության նոր չափանիշները Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)
Դիլիջանի «Չեմի» սրճարանում այցելուներին խոստանում են իտալական համեղ ճաշացանկ ու բարձրակարգ սպասարկում։ Եվ այս որակն ապահովում են ուսանողները։ Սրճարանն ամբողջությամբ կառավարում ու սպասարկում են Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի սաները՝ ընդամենը 1 տարվա ուսուցումից հետո։
Արդյունքն այնքան է գոհացրել, որ օրերս Դիլիջանում պաշտոնապես բացվեց Apicius Armenia International School of Hospitality-ի՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված նոր մասնաշենքը։

Ապիչիուսի միջազգային հյուրընկալության դպրոցը Դիլիջանում հիմնվել է 2025 թվականին՝ «Green rock» հիմնադրամի կողմից ու աջակցությամբ։ Apicius Armenia-ն Ֆլորենցիայի հյուրընկալության միջազգային դպրոցի հայաստանյան մասնաճյուղն է, որ նոր հորիզոններ է բացել Հայաստանում կրթական ոլորտի համար։
«Նախկինում կրթություն ստանալու համար անհրաժեշտ էր լքել Դիլիջանը, իսկ հիմա Apicius դպրոցը դիլիջանցիներին առաջարկում է ոչ միայն կրթություն, այլև մի այնպիսի միջավայր, որտեղ նրանք գտնեն իրենց ապագան»,-իր խոսքում ասաց «Green rock»-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը։
Իտալիայի առաջադեմ մեթոդաբանությունը համադրելով տեղական տուրիզմի պահանջարկի հետ՝ հաստատությունը պատրաստում է զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտի բարձրակարգ մասնագետների։

«Green Rock-ում մենք խորապես հավատացած ենք, որ կրթությունը բիզնեսի կայուն զարգացման և քաղաքում դրական փոփոխությունների հիմքն է։ Առանց տաղանդավոր ու պրոֆեսիոնալ մարդկանց՝ մենք պարզապես չենք կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք ներդրումներ անել»,- ասաց «Green rock» Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան

Շենքը եռահարկ է։ Առաջին երկու հարկում ուսումնական լսարաններն են, մարզումային լաբորատորիաներն ու վարպետաց խոհանոցը։ Երրորդ հարկում գործնական ուսուցման հարթակն է՝ սրճարանը, որտեղ ուսանողներն աշխատելու են և ստացած գիտելիքներն անմիջապես կիրառելու են պրակտիկայում։
Դպրոցում կրթությունը երկամյա է, ուսանողները՝ կախված կրթական ուղուց, կարող են երկրորդ տարին ուսումը շարունակել Ֆլորենցիայում կամ ամբողջ ծրագիրն ավարտել հայաստանում։ Առաջին տարում կրթօջախն ընդունել էր 17 ուսանողի, նրանցից 8-ն արդեն մեկնել են Ֆլորենսիա՝ ուսումը շարունակելու։
«Green rock»-ի և «Green rock» հիմնադրամի ռազմավարական աջակցությունը, որի շրջանակում ամեն տարի հատկացվում է 10 ամբողջական կրթաթոշակ, առանցքային դեր ունի երիտասարդների մասնագիտական կայացման գործում։ Այս նախաձեռնությունը ոչ միայն լայն հորիզոններ է բացում ուսանողների առջև, այլև նպաստում է Դիլիջանը հյուրընկալության ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու մասնագիտական կենտրոն դառնալուն:











