Դա ՀՀ-ԱՄՆ միջպետական պայմանագիր է, ուզում եք ուղարկենք, Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի՞. Փաշինյանը՝ Խաչատրյանին

17:30 • 07.10.26

Ենթադրում եմ՝ շատ շուտով «TRIPP»-ի փաստաթուղթը կբերեք վավերացման և դրան պատշաճ կերպով նախապատրաստվելու համար հարց ունեմ, կցանկանայի հնարավորինս մանրամասն և համապարփակ պատասխանել։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Անցյալ տարի օգոստոսի 8-ին Դուք և Իլհամ Ալիևը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր ընդունեցիք, որի երրորդ կետի համաձայն վերահաստատեցիք երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը, իսկ այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի տարածքով ներպետական անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու նպատակով»,-հետաքրքրվել է Խաչատրյանը։

«Ճշգրիտ այնքան ջանքեր, որքան ներդրվել են Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան ներպետական հաղորդակցությունն ապահովելու համար, այսինքն՝ չկա այսօր Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան հաղորդակցություն՝ մի պարզ պատճառով, որ կոմունիկացիաներ չկան, ճանապարհ չկա, երկաթուղի չկա, նույնն էլ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը»,-պատասխանել է Փաշինյանը: 

«Եթե կնքվել է «TRIPP» իրականացման համաձայնագիրը, եթե ստեղծվել է «TRIPP» զարգացման կազմակերպությունը կամ կորպորացիան, եթե տրվել են հարկային արտոնություններ, եթե նույնիսկ «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» սահմանանցման մեխանիզմն է ստեղծվել, համարժեքությունը նշանակում է, որ համարժեք ճիշտ այդպիսի մի փաստաթուղթ պետք է ստորագրված լիներ, որով մենք կիմանայինք, թե մեր բեռները, գնացքը, ավտոմոբիլը, մի գուցե նաև նավթամուղը, գազամուղը, էլեկտրական հոսանքները, ինտերնետ կաբելը ինչպես է Մեղրիից հասնելու Հայաստանի այլ մարզեր»,-արձագանքել է Խաչատրյանը:

Վարչապետը նույնպես արձագանքել է՝ ասելով՝ ինձ համար մեկ-մեկ դժվար է հասկանալ՝ դուք ի՞նչ եք հարցնում: Նա հավելել է, որ Արթուր Խաչատրյանի նշած ընկերությունը չի ստեղծվել դեռ:

«Դա Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև միջպետական պայմանագիր է, հիմա ուզում եք ուղարկենք, մի հատ էլ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի՞»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: