Ավտոճանապարհների հիմնանորոգմամբ զբաղվող «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ները տուգանվել են մոտ 30 մլն դրամի չափով՝ պետական գնումներում անբարեխիղճ մրցակցություն համար

13:58 • 24.11.26

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 29,854,000 ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել ««Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Պարզվել է, որ «Պռոլաբ» ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարած ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծերի պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթներում ներկայացրել է նախահաշվային գների համեմատ անիրատեսական ցածր գնային առաջարկներ՝ սահմանափակելով մյուս մասնակիցների՝ հավասար մրցակցային պայմաններում հաղթելու հնարավորությունը։

Մասնավորապես՝ ուսումնասիրված շուրջ 40 գնման ընթացակարգերից 22-ում ընկերության առաջարկած գները պակաս են եղել նախահաշվային գնի 15%-ից, իսկ 13-ի դեպքում կազմել են նախահաշվային արժեքի 1%-ից էլ պակաս (ընդհուպ մինչև 288 դրամ, 9 դրամ և 0.9 դրամ՝ միլիոնավոր դրամների նախահաշվային արժեք ունեցող մրցույթներում)։

Հանձնաժողովը նաև պարզել է, որ «Պռոլաբ» ընկերության գործունեությունը շարունակաբար և առանց տնտեսական հիմնավորման կանխավճարների տեսքով ֆինանսավորվել է նրա հետ փոխկապակցված և անձանց խումբ կազմող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության կողմից նախագծման ոլորտի հնարավոր մրցակիցներին պետական գնումներից դուրս մղելու նպատակով։