Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

21:01 • 15.10.26

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։

«Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր վարորդներից քչերն են պատկերացնում, որ դրանք նախկինում կանգառներ էին։ Մայրուղու 16-17 կմ-ի այս կանգառասրահները կառուցվել են 1970-ականներին։ Դրանք հեղինակային նախագծով կառուցված շինություններ են՝ սովետական մոդեռնիզմի ոճով։ Կանգառասրահներն իրար էին միանում գետնանցումով, որով բնակիչները ապահով անցնում էին մայրուղու մի մայթից մյուսը։ 90-ականների սկզբին այս կանգառները տրամադրվեցին «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին՝ վերակառուցելու նպատակով։ Հետագայում տարբեր կասկածելի գործարքներով 2660 քմ մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառները դարձան Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի ընտանիքի սեփականությունը։ 

Երևան-Սևան մայրուղի 16-17-րդ կմ 1 շինություն և Սևան-Երևան մայրուղի 16-17-րդ կմ 2 շինություն հասցեներում գտնվող կանգառասրահները կասկածելի հանգամանքներում սեփականաշնորվել են։ Կանգառասրահներից մեկն այժմ արագ սննդի կետ է դարձել, մյուսը չի օգտագործվում։ Իսկ մարդիկ ստիպված են բաց երկնքի տակ սպասել ավտոբուսին, անձրևի ու ձյան ժամանակ էլ պատսպարվել մոտակայքում գտնվող կամրջի տակ։

Մասնավորեցումից հետո գետնանցումը փակվել է։ Այս տարվա օգոստոսի 26-ին այդ հատվածում փողոցն անցնելիս 25-ամյա մի երիտասարդ վրաերթի ենթարկվեց ու մահացավ։

2660 քմ ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառասրահներն ու սանհանգույցները 2008 թվականից պատկանում են «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Սուրեն Բալասյանի կողմից։ Սուրեն Բալասյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հայրն է։ Հետագայում Սուրեն Բալասյանը դուրս է եկել ընկերությունից և հիմա «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ի 50% փայատերը նրա կինն է՝ Աննման Ղուկասյանը։

Հակոբ Բալասյանը Բյուրեղավան համայնքը ղեկավարում է 2008 թվականից` արդեն 18 տարի։ Հայաստանի անկախության առաջին տարիներից Բալասյանը աշխատել է պետական ապարտում։ 1991-1996 թվականներին եղել է Կոտայքի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալը։ Այնուհետև, երբ Կոտայքի շրջխորհրդի գործկոմը դարձել է Կոտայքի մարզպետարան, շարունակել է աշխատել մարզպետարանում՝ սկզբում որպես բաժնի պետ, ապա՝ աշխատակազմի քարտուղար»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։