«Մեր լեռների պես ամուր սերունդ». «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը մեկ տարեկան է (լուսանկարներ, տեսանյութ)
Սպորտի ուժով փոխել կյանքեր, կոտրել կարծրատիպեր և ձևավորել առողջ հասարակություն։ Այս հավատով հիմնադրվեց «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը, որն արդեն մեկ տարեկան է:
Մեկ տարում հիմնադրամը կառուցել է համակարգված ու ամուր հիմքեր՝ պետական բարձրագույն կառույցներից մինչև գործարար ու ֆինանսական առաջատար կառույցներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից մինչև սփյուռքի համայնքներ, միավորելով նրանց, ովքեր հավատում են Հայաստանի սպորտային ապագային։
«Հիմնադրամի գործունեությունը համարում եմ հաջողված, քանի որ հիմնադրամի կողքին կանգնեցին այնպիսի մարդիկ, որոնք, թվում է՝ առաջին հայացքից սպորտի հետ կապ չունեն: Ձևավորվել է ամուր թիմ, ուժեղ գործընկերներ, հիմնադրամի կողքին են նաև իմ ընկերները, որն ամենամեծ ու կարևոր ձեռքբերումն է և մեզ վստահություն է ներշնչում»,-ասում է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նազիկ Ավդալյանը:
Հիմնադրամը, գործունեության առաջին տարում 10 մլն դրամի չափով մարզագույք է տրամադրել քրեակատարողական հիմնարկներին, տվել է մարզային մարզադպրոցների կարիքների գնահատման փուլի մեկնարկը, իրականություն է դարձրել Հանրապետության հրապարակում Սպորտի միջազգային օրվա առաջին մասշտաբային տոնակատարությունը, Արթիկում մեկնարկել է միջազգային կանաչ չափանիշներով «ՆԱՎ» մարզակրթական կենտրոնի նախագծումը և վստահեցնում են՝ ապագայում շատ ավելի մեծ ծրագրեր են սպասվում:

«Ես սեփական կյանքով և փորձով գիտեմ, թե ինչ է նշանակում պայքարել մինչև վերջ, ընկնել, բայց նորից ուժ գտնել ոտքի կանգնելու և հաղթելու համար, բայց նաև գիտեմ, թե որքան դժվար է այդ ճանապարհն անցնել առանց հավատի, առանց ապահով պայմանների և առանց թիկունքի»,-նշում է Նազիկ Ավդալյանը։
Նազիկ Ավդալյանն ընդգծում է՝ այցելել է բազմաթիվ համայնքներ, հանդիպել մեծ ներուժ ունեցող երեխաների, որոնք, սակայն, մարզվելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ունեցել։ Եթե մեկ տարի առաջ նա ուներ խնդիրը լուծելու գաղափար, բայց չէր պատկերացնում՝ ինչպես կարող է փոխել իրավիճակը, ապա այսօր արդեն տեսնում է այդ նպատակին հասնելու իրական ճանապարհը։

«Մեր առաքելությունը սոսկ սպորտի մասին չէ, սպորտը ոչ միայն բարձր արդյունքների մասին է, այլև ապրելակերպ: Մեր առաքելությունը երեխաների անվտանգության, նրանց հնարավորությունների և սեփական երազանքներին հասնելու իրավունքի մասին է: Մեզ համար «Մեր լեռներ պես ամուր սերունդ» ունենալու գաղափարը լոկ կարգախոս չէ, դա ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որը մենք սկսել ենք և շարունակելու ենք ավելի մեծ թափով»,-մանրամասնում է նա։
Հիմնադրամը, գործունեություն ծավալելով սպորտի տարբեր ուղղություններով, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև ծանրամարտին։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Թարխանյանն ընդգծում է վերջին տարիներին մարզաձևում գրանցած հաջողությունները, ինչպես նաև մարզերում ծանրամարտի զարգացման հեռանկարները՝ կարևորելով մարզական ենթակառուցվածքների զարգացումն ու երեխաների համար նոր հնարավորությունների ստեղծումը։
Հիմնադրամի տարեդարձին նվիրված միջոցառմանը խորհրդանշական նվերներ հանձնվեցին հիմնադրամի գործընկերներին՝ ի նշան երախտագիտության, վստահության և համատեղ աշխատանքի։

Երեկոյի ընթացքում աճուրդի հանվեց նաև «Խոստում» նախաձեռնության արծաթագույն 301 խաչերից մեկը, որի ամբողջ հասույթը կուղղվի «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամին՝ նոր սերնդի մարզական կրթությանն աջակցելու նպատակով։
Արծաթագույն խաչերը նախատեսված են նշանակալի գործեր կատարած հայերի համար: Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն արդեն այդ խաչի կրողներից է, իսկ աճուրդի արդյունքում խաչը ձեռք բերած գնորդին անձամբ հանձնվեց դրա անձնագիրը՝ խորհրդանշելով նաև միացումը՝ նախաձեռնության առաքելությանն ու նոր սերնդի ապագայի կերտման կարևոր գործին։

«Ես խորապես համոզված եմ, որ լինել լավ մարդ նշանակում է ծառայել ընտանիքին, ծառայել ժողովրդին, պետությանը և Դուք այն բացառիկ հայերից մեկն եք, ով իր ողջ կյանքում ծառայել է հայ ժողովրդին։ Ձեր բազում հաղթանակները, որ շնորհել եք մեզ, յուրաքանչյուրիս հպարտանալու բազմաթիվ առիթներ է տվել, որի համար ես խորապես շնորհակալություն եմ հայտնում»,-ասաց «Խոստում» նախաձեռնության հիմնադիր, նախագծի հեղինակ Արմեն Ղազարյանը՝ դիմելով Նազիկ Ավդալյանին:

Միջոցառման շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի և «Խոստում» նախաձեռնության միջև՝ ամրագրելով կողմերի պատրաստակամությունը՝ միավորելու ջանքերը նոր սերնդի կրթական, մարզական և արժեքահեն զարգացման նպատակով։





















