Կորեայի Հանրապետությունն ուսումնասիրում է ԿԺԴՀ-ի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունը

14:50 • 16.10.26

Կորեայի Հանրապետության զինվորականները ԱՄՆ-ի հետ քննարկում են ապագայում ԿԺԴՀ-ի հետ սահմանին գտնվող ապառազմականացված գոտում անօդաչու և ռոբոտացված համակարգեր տեղակայելու հնարավորությունը՝ վտանգավոր առաջադրանքներ կատարելու համար։ Այս մասին հայտնել է The Korea Times թերթը:

Սեպտեմբերի 21-ին Կորեայի Հանրապետության երեք զինծառայող վիրավորվել էին ապառազմականացված գոտում ականների պայթյունի հետևանքով։ Փհենյանում ավելի վաղ հերքել էին Սեուլի պնդումները ականի պայթյունի միջադեպին ԿԺԴՀ-ի առնչության մասին։

«Միջադեպից հետո ես գեներալ Բրանսոնին ասացի, որ անձնակազմին ապառազմականացված գոտի ուղարկելը կապված է ռիսկերի և դժվարությունների հետ, ստիպված նրանց փոխարեն պետք է ուղարկել ռոբոտներ և անօդաչու սարքեր», - նշել է Կորեայի բանակի շտաբի պետ Կիմ Գյու Հան։

Նրա խոսքով՝ ամերիկացի գեներալը համաձայնել է, սակայն նկատել է, որ ռոբոտացված համակարգերը նախ պետք է մանրակրկիտ ստուգվեն։ Կողմերը համաձայնել են, որ նման համակարգերի տեղակայման համար ժամանակ կպահանջվի։ Կիմ Գյու Հան նաև ընդունել է, որ անօդաչու համակարգերը կարող են սխալի հետևանքով խախտել ռազմական դեմարկացիոն գիծը, ինչը կարող է հանգեցնել լարվածության աճի։

«Ապառազմականացված գոտին հատուկ վայր է։ Այնտեղ պետք է պահպանել զինադադարի դրույթները, կան բազմաթիվ ռիսկեր և սահմանափակումներ նույնիսկ խաղաղ ժամանակ», - ավելացրել է ԿՀ բանակի շտաբի ղեկավարը։